կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-01 14:56
Քաղաքական

Եթե որևէ մեկը հույս ունի, որ մեր ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով կարող է մղել Ղարաբաղի հարցի կարգավորմանը, սխալվում է. Փաշինյան

Եթե որևէ մեկը հույս ունի, որ մեր ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով կարող է մղել Ղարաբաղի հարցի կարգավորմանը, սխալվում է. Փաշինյան

ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, դիմելով վարչապետին, նշեց, որ թեև նրա ելույթն այսօր ՀՀ տնտեսությանն էր վերաբերում, իրեն հետաքրքրում են նաև արտաքին քաղաքականության մարտահրավերները, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունները:

«Արտաքին քաղաքականության մարտահրավերներից շարունակում են մնալ հայ-թուրքական հարաբերությունները: Թեև հայտնի արձանագրությունները առ ոչինչ են, հետաքրքիր է Ձեր տեսակետը` ապագայում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված. ի վերջո, մեր սահմանները մնում են փա՞կ: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում»,- հարցրեց պատգամավորը:

Վարչապետը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին կարող է ասել նույնը` Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Խնդրում ենք` որևէ մեկն այս ձևակերպումը չընկալի, թե մենք որևէ կերպ նսեմացնում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև Ցեղասպանության հարցը մեզ համար և մեր ընկալմամբ հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ, մեզ համար անվտանգության խնդիր է, և ոչ միայն ՀՀ-ի, այլև միջազգային անվտանգության խնդիր է: Դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային և միջազգային շարժման մեջ»,- ասաց Փաշինյանը:

Նա ասաց, որ հայ-թուրքական սահմանը մեր կողմից փակ չէ, սահմանը փակ է Թուրքիայի կողմից: «Սահմանը փակ է Թուրքիայի կողմից և փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով, և դա վատ քաղաքականություն է, որովհետև եթե որևէ մեկը հույս ունի, որ Արցախի կամ Հայաստանի ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով կարող է մղել Ղարաբաղի հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, սխալվում է: Այո, մենք պատրաստ ենք հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի, բայց բացառում եմ, որ մեր կառավարությունը կամ մեր ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որևէ քայլ անել: Ընդհակառակը` մենք այդ պայմանների գործադրմամբ ավելի կամրանանք, ավելի կամրապնդվենք և, ի վերջո, կհասնենք մեր ազգային նպատակներին»,- շեշտեց նա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանըլ, դիմելով Առաքելյանին, ասաց. «Կարծում եմ, որ վարչապետը ենթադրվող Ձեր արձագանքին էլ արդեն պատասխանեց»:

Փաշինյանն էլ կատակեց. «Ես Ձեր ուղերձը հասկացա, կփորձեմ արդեն արձագանքներին էլ միանգամից պատասխանել»: