Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ԱԺ նիստի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է քննարկվում: «Ելք»-ն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց Ղարաբաղյան հակամարտության հետ կապված` Փաշինյանի տեսակետով:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ մեր իրականության մեջ կան երևույթներ, որոնք սովորական են դարձել, բայց իրենց հիմքում աբսուրդ են: Նրա խոսքով՝ անընդհատ, բոլոր իշխանությունների պարագայում, ինչ-որ տեղից անվստահություն է առաջանում, որ այս իշխանությունը կարող է մի բան այնպես չանել, ինչ-որ բան հանձնել և այլն:
«Հայաստանում չի կարող լինել այդպիսի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի՝ Ղարաբաղի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ: Նույնիսկ` ինչ կքննարկվի բանակցային սեղանի շուրջ բացարձակապես էական չէ, քանի որ ես արդեն իսկ ասել եմ՝ 20 տարի, որ քննարկվել է, արդյունքում ի՞նչ է եղել: Ղարաբաղի հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ, որ մի օր մեկ էլ արթնանանք ու տեսնենք՝ արդեն լուծվել է այդ հարցը, նման բան ուղղակի լինել չի կարող»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ քանիցս հայտարարել է՝ եթե բանակցային գործընթացում ձևավորվի այնպիսի տարբերակ, որն ինքն էլ կհամարի տարբերակ, որն արժե ներկայացնել ժողովրդի քննարկմանը և ժողովրդի կարծիքը հարցնել այդ մասին, բնականաբար, առաջին իսկ գործողությունը դա է լինելու: «Բացառվում է Ղարաբաղի հարցի՝ որևէ թաքուն լուծում: ՀՀ-ի, ժողովրդի, ԱԺ-ի, առնվազն ճնշող մեծամասնության կողմից ինչ-որ տարբերակ ընդունելի կլինի՞` կհամարվի տարբերակ, որի մասին կարելի է մտածել, իսկ եթե` ոչ, ուրեմն՝ ոչ: Էլ չեմ ասում՝ ամենավճռական գործոնը՝ Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանությունները: Քանի դեռ Ղարաբաղյան կողմը ներգրավված չէ բուն պրոցեսում, մենք մոտիկ չենք հարցի կարգավորմանը: Այս կապակցությամբ իմ խոսքերը նույնպես նենգափոխում են՝ նշելով, թե ես ասել եմ՝ մինչև Ղարաբաղի իշխանությունը չլինի բանակցային սեղանի շուրջ, ես ոչ մի բանակցության չեմ մասնակցի: Ոչ, ես նման բան չեմ ասել: Ես ասել եմ՝ լիազորված եմ մասնակցել ՀՀ-ի անունից, լիազորված չեմ մասնակցել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անունից՝ շատ պարզ պատճառով՝ ԼՂ-ի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, ունի իր սեփական կառավարությունն ու իշխանությունը»,- ասաց Փաշինյանը:
Սակայն դա, ըստ նրա, չի նշանակում, որ ընդհանրապես չպետք է բանակցեն: Փաշինյանը կոչ արեց մոռանալ Ղարաբաղի հարցը թաքուն լուծելու հռետորաբանությունը: «Ի՞նչ է, մեր մեջ մարդիկ կան, որ մյուսներից թաքուն Ղարաբաղի հարցը լուծեն, ու ոչ ոք չիմանա՞ այդ մասին, դա ուղղակի աբսուրդ է»,- նշեց Փաշինյանը:
Թորոսյանն արձագանքեց, որ Փաշինյանի տեսակետն ամբողջովին ընդունելի է, քանի որ ներառում է մի քանի կարևորագույն կետեր, դրանք են՝ որևէ իշխանություն չի կարող գաղտագողի լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, լուծումը պետք է վայելի համաժողովրդական աջակցություն, լուծման գործում էական նշանակություն ունի Արցախի և նրա ժողովրդի դիրքորոշումը: «Սրանք ակնհայտ ժողովրդավարական մոտեցումներ են, և սրանց արդյունքում, կարծում եմ, խնդրին հնարավոր է լուծում տալ»,- ասաց պատգամավորը:
Պատասխանելով արձագանքին՝ Փաշինյանն էլ նշեց, թե Թորոսյանն ասաց՝ հարցի լուծման համար Ղարաբաղի ժողովրդի դերն էական նշանակություն ունի, ինքն էլ ուզում է ասել՝ վճռական նշանակություն: «Սա քմահաճույքի հարց չէ: Ես էլի եմ ասել՝ մենք խոսո՞ւմ ենք լուծման մասին, թե՞ ասում ենք՝ եկեք, բանակցենք, բայց ներքուստ գիտենք, որ խնդիրն այդպես էլ չի լուծվելու: Բոլորս պետք է ներքուստ իմանանք, որ առանց այս պարամետրերի պահպանման Ղարաբաղի հարցի լուծում հնարավոր չէ: Ինչպե՞ս կարող է Ղարաբաղի հարցը լուծվել, եթե լուծման որևէ տարբերակ չի ընդունվում Արցախի կամ Հայաստանի ժողովուրդների կողմից, այդ թվում՝ Ադրբեջանի ժողովրդի կողմից: Սա շատ կարևոր նրբություն է. մենք ուզում ենք լուծման հասնել, որ նոր պայթյո՞ւն առաջացնի, թե՞ ուզում ենք լուծման հասնել, որ իսկապես լուծում լինի»,- ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ հայկական կողմի տեսակետը /պաշտոնապես արձանագրված/ միշտ այն է եղել, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման չի պատկերացնում հարցի կարգավորում: Ըստ նրա՝ ինքը չի պատկերացնում, քանի որ ոչ թե չի ուզում պատկերացնել, այլ ենթադրենք, եթե ինքը հայտարարի էլ, որ պատկերացնում է, դրանից իրականությունը փոխվո՞ւմ է: «Մենք պետք է մեր հայտարարություններն անենք` իրականության վրա հիմնվելով, որպեսզի այդ հայտարարությունները որևէ արժեք ունենան: Իսկ երբ ես ասում եմ, որ չեմ կարող բանակցել Արցախի ժողովրդի անունից, դա էլ քմահաճույք չէ. և' Ռոբերտ Քոչարյանի, և' Սերժ Սարգսյանի քաղաքական ծագումնաբանությունը կապված է Ղարաբաղյան շարժման և Ղարաբաղի հետ: Ինձ համար ընդունելի է, թե` ոչ, բայց այլ հարց է, որ նրանք ունեցել են կոնկրետ պատճառաբանություն և փաստարկ, թե ինչո՞ւ իրենք կարող են խոսել Ղարաբաղի անունից: Քոչարյանը Ղարաբաղի ընտրված նախագահ է եղել, Սարգսյանն էլ Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման ղեկավարներից է եղել, այսինքն՝ նրանք կարող են համարել, որ այդ մանդատն ունեն՝ անկախ այն հանգամանքից՝ ես դրա հետ համաձա՞յն եմ, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իր պարագայում նման գործոն չկա:
Նրա խոսքով՝ քաղաքական գործիչների հայտարարություններն իրականությունը կփոխեն այն ժամանակ, երբ դրանք հիմնված կլինեն իրականության վրա: Փաշինյանը նշեց նաև, որ, օդից ինչ-որ բաներ ասելով, օրինակ` միջազգային որևէ գործընկերոջ ականջը շոյելու համար անգամ, իրականությունը չի փոխվի: «Իմ կոչն է եղել ֆիքսել՝ եթե մենք ուզում ենք լուծել հարցը, իսկ մենք ուզում ենք լուծել այն, պետք է արձանագրենք՝ ինչ սկզբունքներ պետք է պահպանենք, որպեսզի այն լուծվի: Իսկ եթե չենք ուզում լուծել, այլ ուզում ենք ևս 20 տարի բանակցել, խնդիր չկա, բանակցենք»,- խոսքն ամփոփեց Փաշինյանը: