Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ քննիչ հանձնաժողովին ներկայացած Սամվել Բաբայանը «Հրապարակ»-ի հետ զրույցում երեկ «ստախոս» եւ «փիառշչիկ» անվանեց Գուրգեն Ներսիսյանին, ով ասել էր, թե նա Արցախի դատախազությունում հարցաքննվել է 44-օրյա պատերազմի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ «Ով ասում ա, թե ես հարցաքննվել եմ, ստախոս ա ու իրեն փիառ ա անում»,- հայտարարեց Բաբայանը խորհրդարանում։
Մենք Բաբայանի խոսքերը փոխանցեցինք այդ քրեական գործը հարուցած եւ քննած, ապա մեզ տված հարցազրույցում այդ մասին հայտնած Գուրգեն Ներսիսյանին, ով պատերազմից հետո Արցախի գլխավոր դատախազ էր աշխատում: Նա ասել էր, որ իր` պետնախարար դառնալուց հետո քրգործի վարույթը կարճվել էր: Ներսիսյանը, լսելով Սամվել Բաբայանի մեղադրանքները, ասաց. «Բաբայանին փոխանցեք՝ ստախոսն ու փիառշչիկն ինքն ա, ու եթե կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել եւ դուրս են եկել Արցախից, չարաչար սխալվում է»։ Գուրգեն Ներսիսյանը պնդում է՝ Բաբայանը հարցաքննվել է որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, փաստերը կան։ «Բաբայանը հույս ունի, թե այդ քրեական գործի նյութերն ամբողջությամբ վառել ենք ու նոր Արցախից դուրս ենք եկել։ Նա թող մտածի, որ այդ նյութերի էլեկտրոնային, թվայնացված տարբերակներն էլ կան։ Ես, որպես գլխավոր դատախազ, դրանք թվայնացրել եմ։ Եթե այն ժամանակ Ձեզ հետ զրույցում կասկածանքով էի ասել, քանի որ չէի կարողանում հիշել, ապա հիմա վստահաբար ասում եմ՝ Բաբայանը հարցաքննվել է»,- հավաստիացնում է Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ Ս. Բաբայանը 44-օրյա պատերազմի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է որպես Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։ Ներսիսյանն ուշագրավ դրվագ պատմեց Բաբայանի ցուցմունքից։
«44-օրյա պատերազմի ժամանակ ինքն Անվտանգության խորհրդի քարտուղարն էր, Արցախի հարավային թեւի օպերացիան մշակելու ու իրականացնելու մասին հայտարարություններ էր անում, այսպես ասած՝ գլուխ էր գովում։ Երբ օպերացիան տապալվեց, ամեն ինչ պռավալ գնաց, Բաբայանին կանչեցինք հարցաքննության, որ հասկանանք՝ ինչ է արել որպես առանցքային պաշտոնյա։ Պատերազմի ավարտից հետո ում գլխում ինչ ծագում էր, փչում էր։ Սամվել Բաբայանն էլ այստեղ-այնտեղ ասում էր, թե հարավային թեւի օպերացիայի մշակման մեջ իր դերակատարությունն ունի։ Հարցաքննության ժամանակ ասաց․ «Ես ի՞նչ կապ ունեմ, ես ո՞վ եմ, ի՞նչ ֆունկցիա ունեմ, ես կողքից նայողի դերում եմ, դրա համար բանակ կա` թող բանակն ասի»։ Մի խոսքով՝ ամեն ինչ գցեց ուրիշների վրա»,- պատմեց Գուրգեն Ներսիսյանը։
Հարավային թեւի օպերացիայի մշակումը, որի հետեւանքով թշնամին վերցրեց Հադրութը, ապա՝ Շուշին, ըստ Ներսիսյանի, սկսվել է հոկտեմբերի 4-ին։ Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով․ «Երեկ Արցախում էի։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: Տեսանյութում Փաշինյանի կողքին նստած են նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԱԾ տնօրենը եւ այլ պաշտոնյաներ։
Գ. Ներսիսյանի խոսքով՝ Բաբայանը, որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, կարող էր Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին ասել, որ հարավային թեւի օպերացիան աղետաբեր կարող է լինել, սխալ է` մի իրականացրեք․ «Հարցաքննության ժամանակ մենք հարցրել ենք Բաբայանին՝ ի՞նչ ես արել, որ կանխես այդ օպերացիան, ունեիր լիազորություն, որ ասիր՝ ընկերներ, սխալ եք գործում։ Անվտանգության խորհրդում բազմաթիվ հարցեր են քննարկվում, ինքը պետք է կարծիքներ հայտներ ոչ թե պատերազմից հետո, երբ ամեն ինչ կորսված էր, այլ հենց այդ ժամանակ։ Այդ ո՞նց եղավ՝ օպերացիան մշակելիս ասում էր՝ «ես եմ», անարդյունավետ ավարտվում է, ասում է՝ «ես ի՞նչ կապ ունեմ, դրա համար բանակ կա»»։
Իրավապահ համակարգում աշխատող պաշտոնյաների հիշողությունը թարմացնելու համար նշենք, որ հարավային թեւի պաշտպանության եւ հակահարձակման համար մշակված օպերացիայի հետեւանքով կորցրինք Արցախի ողջ հարավային թեւը, թշնամին մտավ Հադրութ, առաջ շարժվեց դեպի Շուշի եւ գրավեց քաղաքը։ Մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այդ տապալված օպերացիայի համար թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Ոմանց կարծիքով, հենց այդ ժամանակ բեկում եղավ, եւ այլեւս մեր պարտության ընթացքը կանգնեցնել չհաջողվեց:
Այն, որ Սամվել Բաբայանը, որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, հարցաքննվել է 44-օրյա պատերազմի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում, «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Դավիթ Դալլաքյանը։ «Սամվել Բաբայանի հարցաքննությունը մենք իրականացրել ենք Հայաստանում՝ գործուղման ժամանակ։ Բաբայանն ասում էր, որ պատրաստ է գալ հարցաքննության, բայց ժամկետներ չէր ասում։ Բաբայանը չէր ներկայանում Արցախի դատախազություն, մենք գործուղումով եկանք Հայաստանի Հանրապետություն՝ մի շարք այլ քրեական գործերով քննչական գործողություն կատարելու։ Այդ ժամանակ հարցաքննեցինք նաեւ նրան։ Բաբայանին հարցաքննել եմ որպես Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ»,- ասաց Դալլաքյանը՝ նշելով, որ Բաբայանի հարցաքննությունն իրականացվել է քննչական խմբով։
Հարցին՝ ինչո՞ւ կարճվեց 44-օրյա պատերազմի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթը։ Դալլաքյանը նշեց, որ չգիտի` արձակուրդում է եղել։ «Արձակուրդից վերադարձա, իմացա, որ կարճվել է։ Ես որեւէ լիազորություն չեմ ունեցել պարզելու, թե ինչու է կարճվել»,- հավելեց նա։
Ավելի վաղ մենք գրել էինք, որ 2020 թ. դեկտեմբերի 10-ին «Հայկի սերունդ» եւ «Առաջ Արցախ» ՀԿ նախագահներն Արցախի դատախազություն են ներկայացրել հաղորդում առերեւույթ հանցագործությունների մասին, որոնք վերաբերել են 44-օրյա պատերազմին եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը: ԱՀ դատախազությունը Գուրգեն Ներսիսյանի` գլխավոր դատախազ նշանակվելուց հետո այդ հաղորդման հիման վրա հարուցել էր քրեական գործ, որով քննություն է իրականացվել մինչեւ 2023 թ. փետրվար-մարտ ամիսները: Երբ Ներսիսյանն ազատվել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնից, գործը կարճվել է:
Քրեական վարույթի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են Արայիկ Հարությունյանը, ուժային կառույցների այն ղեկավարները, ովքեր 44-օրյա պատերազմի օրերին պաշտոնավարել են, ԱՀ ԱԺ պատգամավորներ, գործող եւ պաշտոնաթող զինվորականներ: Նրանք մանրամասն պարզաբանումներ եւ ապացույցներ են ներկայացրել, որոնք առնչվել են պատերազմին նախորդած եւ դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին»: