կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-29 12:08
Քաղաքական

«Ելք» և «Ծառուկյան» դաշինքները ԱԺ նիստում մրցում են` ով է նախաձեռնել ԸՕ երկրորդ քննարկումները

«Ելք» և «Ծառուկյան» դաշինքները ԱԺ նիստում մրցում են` ով է նախաձեռնել ԸՕ երկրորդ քննարկումները

ԱԺ-ն երկրորդ անգամ քննարկում է կառավարության կողմից առաջարկված` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հարցը քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ, որին միացել է նաև «Ելք» խմբակցությունը: Ըստ առաջարկի` առաջին ընթերցմամբ նախագիծը կքննարկվի 3 ժամում, իսկ երկրորդ ընթերցմամբ` 24 ժամում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվում է3-ական ժամ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր` հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանը նշեց, որ, հաշվի առնելով ՀՀ վարչապետի մատնանշած ժամկետները և Գագիկ Ծառուկյանի ու վարչապետի միջև կնքված հուշագիրը, վերահաստատում են իրենց դիրքորոշումը` ԸՕ-ում փոփոխություններն ու լրացումներն ընդունել այն հաշվարկով, որ չխախտվեն սահմանված ժամկետները:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին էլ դուր չեկավ Պետրոսյանի բացատրությունը: «Ձեր խոսքում նշեցիք, որ հուշագիր է կնքվել, կուզեի իմանալ, թե հուշագիրն ի՞նչ կապ ունի այս օրենսգրքի մշակման և ռեժիմի քննարկման հետ»,- հարցրեց նա:

Պետրոսյանը հակադարձեց, որ այնքանով կապ ունի, որքանով, որ «Ծառուկյան» դաշինքն այն կուսակցությունն էր, որ ԸՕ-ի բարեփոխումների նախագծի` առաջին անգամ տապալումից հետո նախաձեռնեց երկրորդ արտահերթ նիստը` կրկին հիմք ընդունելով իրենց ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու պատասխանատվությունը: «Քանի որ հաջորդ քառօրյան արդեն մեզնից երկար ժամանակ է պահանջում, դրանով է պայմանավորված նախագիծը հրատապ ընդունելու պահանջը»,- ասաց նա:

Մարուքյանը կրկին արձագանքեց. «Պարո'ն Պետրոսյան, հուշագիրը մինչ այդ էր ստորագրվել, նախորդ անգամ երբ տապալվեց, բացականեր կային նաև ձեր ֆրակցիայից, հետևաբար` շահարկել այդ փաստը, որ տապալվել է, և մենք հուշագիր ենք ստորագրել, դրա համար նախաձեռնում ենք, ճիշտ չէ: Սա «Ծառուկյան» դաշինքի նախագիծը չէ, կառավարությանն է, և արտահերթի հետ կապված «Ելք»-ն էլ է նախաձեռնել, հետևաբար` պետք չէ ներկայացնել նախագիծն այդ հուշագրի լույսի ներքո»:

Պետրոսյանն էլ նշեց, որ, հավանաբար, Մարուքյանի դժգոհությունը գալիս է նրանից, որ ինքը չնշեց, որ արտահերթ հրավիրելու ստորագրահավաքին միացել է նաև «Ելք»-ը: «Բայց ես կրկնում եմ` մենք նախաձեռնեցինք, դուք միացաք: Կուզեի իմանալ` իրավաբանորեն ի՞նչ խնդիր եք  այստեղ տեսնում»,- հարցրեց նա:

Մարուքյանը տեղից ինչ-որ բան պատասխանեց: Նիստը վարող` ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Մարուքյանը կարող է արձագանքել մտքերի փոխանակման ժամանակ, սակայն նա այդպես էլ չարձագանքեց: