կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 20:12
Քաղաքական

Դաշինքները ստեղծվում են` խորհրդարանում մի քանի տեղեր ապահովելու համար. Սասուն Մանուկյան

Դաշինքները ստեղծվում են` խորհրդարանում մի քանի տեղեր ապահովելու համար. Սասուն Մանուկյան

Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտի ամենաուշագրավ իրադարձություններից է, թերևս, դաշինքներ ստեղծելու խելահեղ գործընթացը:

«Ցանկացած կուսակցություն և դաշինք, որոնք արհեստականորեն են ստեղծվում, որևէ գաղափարախոսություն չունեն»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց դաշնակցական Սասուն Մանուկյանը:

Նրա խոսքով` նորանկախ Հայաստանի քաղաքական իրականության մեջ հետևյալ պատկերն է` կա ՀՅԴ-ն` որպես գաղափարական կուսակցություն, կա իշխանական կուսակցությունը` իր ռեսուրսներով, և կան անձ-կուսակցություններ:

«ՀՅԴ-ն ասում էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում կլինի քաղաքական նոր իրավիճակ, և քաղաքական դաշտում անձնավորված որոշումներ չեն կայացվի: Սահմանադրական փոփոխությունների նախաձեռողն ու ջատագովը եղել է ՀՅԴ-ն: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը դեմ էին սահմանադրական փոփոխություններին, հիմա ուզում են մասնակցել, որովհետև հասկացան, որ իրականությունն այն է, որ առանձին որևէ կուսակցություն, անձով պայմանավորված, չի կարող ունենալ հաջողություն, և Դաշնակցությունը ճիշտ էր, որ ասում էր` գնանք սահմանադրական փոփոխությունների»,- ասաց Մանուկյանը:

Ըստ նրա` եթե անձ-կուսակցություններից անձերին հանեն, այդ կուսակցություններից ոչինչ չի մնա, դրանցից որևէ մեկը խորհրդարանում հայտնվելու շանս չի ունենա: «Սեյրան Օհանյան, Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան, Արթուր Բաղդասարյան... Դաշնակցության` մյուս քաղաքական ուժերից տարբերությունն էլ այն է, որ Դաշնակցությունը անձ-կուսակցություն չէ»,- ասաց Մանուկյանը հավելելով, որ ՀՅԴ-ն երբևէ չի արել ու չի անելու քայլ, որպեսզի որևէ անձի դարձնի պաշտոնյա:

Նրա պատկերացմամբ` ստեղծվող դաշինքներն այնքան նման են, որ կարելի է ասել` կա ընդամենը մեկ ամբողջական դաշինք: «Այդ դաշինքները ստեղծվում են` խորհրդարանում մի քանի տեղեր ապահովելու համար»,- ընդգծեց դաշնակցականը:

Մանուկյանը նշեց նաև, որ այսօր կան պատվիրված սոցիոլոգիական հարցումներ, թե որ կուսակցության օգտին կքվեարկի ժողովուրդը: «Այսօր ընդունված է սոցիոլոգիական հարցումներ անելը` ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք, բայց այդ արդյունքները իրականությունը չեն արտահայտում, որովհետև ամեն քաղաքացի, ի վերջո, քվեարկելու է ռեյտինգային թեկնածուի օգտին»,- ասաց նա, ապա ավելացրեց. «Վստահ եմ, որ Դաշնակցության ներկայացրած ցանկացած թեկնածու ավելի արդյունք կապահովի, քան Դաշնակցության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների ցուցանիշներն են»: