կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-20 13:50
Հասարակություն

Գյումրու գիշերօթիկի բակում հայտնաբերված երկու նորածինների մայրը հրաժարվել է նրանցից

Գյումրու գիշերօթիկի բակում հայտնաբերված երկու նորածինների մայրը հրաժարվել է նրանցից

Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին երկվորյակների մայրը հրաժարվել է փոքրիկների խնամքից։ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Ըստ նրա` բազմաթիվ մարդիկ արդեն դիմել են՝ փոքրիկներին որդեգրելու համար։ «Երկուշաբթի օրը երեխաները կհաշվառվեն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ։ Այնուհետև նրանք պաշտոնապես կհաստատվեն հաստատությունում և կհաշվառվեն որպես որդեգրման ենթակա երեխաներ»,– ասաց Գորգինյանը։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների: Այնուհետև ոստիկանությունից հայտնել էին, որ  երեխաների մոր ինքնությունը պարզվել է: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, բերվել է ոստիկանության Մուշի բաժին:

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն էլ ավելի վաղ Yerkir.am-ին տեղեկացրել էր, որ հայտնաբերվելուց հետո անմիջապես երեխաները տեղավորվել են համապատասխան հաստատություն, որտեղ նորածնային տարիքի երեխաների համար կարող է տարվել խնամք: Այնտեղ երեխաներին լողացրել են, կերակրել, հարմարավետ տեղավորել: