կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-18 11:55
Հասարակություն

Արդեն լողացրել ենք, կերակրել. Գյումրու մանկատան բակում հայտնաբերված նորածինների ծնողներին փնտրում են

Արդեն լողացրել ենք, կերակրել. Գյումրու մանկատան բակում հայտնաբերված նորածինների ծնողներին փնտրում են

Երեկ երեկոյան Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների։

Yerkir.am-ի հետ զրույցում հաստատության տնօրենը՝ Անահիտ Կարապետյանը, նշեց, որ երեկ հաստատության պահակը պատուհանից դռան մոտ դեղին պոլիէթիլենային տոպրակ է տեսել ու իջել է ներքև՝ հասկանալու, թե ինչ է դա: «Տոպրակը բացել ու երկու նորածին է տեսել: Այնուհետև դիմել է պատկան մարմիններին, որպեսզի գան ու իրավիճակին ծանոթանան: Մեզ մոտ էլ ակտ ենք կազմել: Երեխաները մոտ 10 օրական են»,- ասաց Կարապետյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ երեխաներն իրենց մոտից տեղափոխվել են համապատասխան այլ կառույց: Կարապետյանի խոսքով՝ սա նման առաջին դեպքն էր:

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն էլ Yerkir.am-ին տեղեկացրեց, որ գիշերն ինքն էլ այցելել է հաստատություն ու տեսել երեխաներին: «Տեղյակ ենք պահել հոգաբարձության խնամակալության հանձնաժողովին, հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ես, երեկ տեղում եմ եղել: Կազմվել է արձանագրություն երեխայի հայտնաբերման մասին, որից հետո անմիջապես երեխաները տեղավորվել են համապատասխան հաստատություն, որտեղ նորածնային տարիքի երեխաների համար կարող է տարվել խնամք: Այնտեղ երեխաներին լողացրել են, կերակրել, հարմարավետ տեղավորել: Արտաքնապես առողջ են, որևէ անխնամ կամ անտեսված հետքեր չկան»,- ասաց Գորգինյանը:

Նա նշեց նաև, որ այսօր երեխաները նաև բժշկական հետազոտության կենթարկվեն՝ նրանց առողջական վիճակի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար:

Իսկ թե ովքե՞ր են նորածինները և ինչո՞ւ են հայտնվել դրսում՝ կպարզի նախաքննական մարմինը: Գորգինյանի խոսքով՝ իրենք էլ են խիստ շահագրգիռ, որպեսզի իմանան, թե ովքեր են ծնողները:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե երեխայի ծնողներն այդպես էլ չհայտնաբերվեն, նա պատասխանեց, որ օրենքը հետագա քայլերը հստակ սահմանում է: «Եթե երեք ամսվա ընթացքում ոստիկանությունը չի հայտնաբերում ծնողներին, համապատասխան գրություն է տալիս այդ մասին: Այնուհետև երեխան՝ որպես ընկեցիկ, արդեն պետության կողմից հաշվառվում է որպես որդեգրման ենթակա երեխա և, ըստ կարգի, հանձնվում պետության խնամքին: Այսինքն՝ նրա իրավունքների պաշտպանության ամբողջ սպեկտրն առաջ է գնում»,- պարզաբանեց Գորգինյանը:

Ըստ նրա` սակայն հնարավոր են նաև այլ լուծումներ, այսինքն՝ հնարավոր է  նորածինների ծնողները հայտնաբերվեն, երեխաները վերադարձվեն ծնողներին: «Նախաքննությունը դեռ պետք է պարզի հանգամանքը՝ ինչո՞ւ են թողել երեխային խնամքի պաշտպանության կենտրոնի բակում, կամ ո՞վ իմանա, գուցե ծնողներն էլ ինչ-որ տեղ վտանգի մեջ են»,- ասաց Գորգինյանը:

Նա հավելեց նաև, որ Շիրակի մարզում նման դեպքեր, բարեբախտաբար, վերջին տարիներին տեղի չեն ունեցել. Շիրակում վերջին անգամ դրսում երեխա են հայտնաբերել 8-9 տարի առաջ: