կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-18 09:49
Մշակույթ

Մահացել է Արա Գյուլերը

Մահացել է Արա Գյուլերը

Երեկ երեկոյան 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

Գյուլերի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկներին հաջողվել էր վերականգնել Գյուլերի սրտի աշխատանքը, սակայն ժամեր անց հայտնի դարձավ, որ լուսանկարիչը մահացել է սրտի անբավարարության հետևանքով։

Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958թ. դարձել է ամերիկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ: 1961թ. աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: Նույն թվականին անգլիական ամենամյա «Լուսաանկարչական տարեգիրք» ամսագիրը նրան ներառել է աշխարհի լավագույն յոթ լուսանկարիչների ցանկում:

1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բեռնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը: 

Նրան անվանում էին «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»: Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է:

Աշխարհահռչակ լուսանկարչի՝ աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկարներ 2013-ի հունիսին ամփոփվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսում, որին ներկա էր ինքը՝ Գյուլերը: