կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-15 21:20
Քաղաքական

Հնարավոր չէ հապճեպ բարեփոխել ԸՕ-ն և կազմակերպել ընտրություններ դեկտեմբերին. Ա. Աշոտյան. Tert.am

Հնարավոր չէ հապճեպ բարեփոխել ԸՕ-ն և կազմակերպել ընտրություններ դեկտեմբերին. Ա. Աշոտյան. Tert.am

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադառնում է հարցին, թե ինչ է լինելու նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը: Նա այս համատեքստում նշում է, որ իշխանությունը պետք է իր համար որոշում կայացնի՝ որն է ավելի կարևոր՝ ԱԺ արտահերթ ընտրություններ դեկտեմբերին, թե բարեփոխված Ընտրական օրենսգիրք:

-Պարո՛ն Աշոտյան, պայմանավորված նրանով, թե  ինչպես կքվեարկի խորհրդարանն Ընտրական օրենսգրքի փոփոխված նախագծին՝ կախված է այն, թե հին, թե նոր ԸՕ-ով դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները: Հաշվի առնելով սա՝ կա՞ կուսակցությունում որոշում՝ ինչպես քվեարկել ԸՕ-ի նախագծին, որը հաջորդ քառօրյային կքննարկվի:

-Կուսակցական քննարկում չենք արել, կարծում եմ՝ ֆրակցիայում կքննարկենք ԸՕ նախագծի վերաբերյալ մեր վերջնական մոտեցումը:Կարող եմ իմ անձնական կարծիքն ասել. կարծում եմ՝ ԸՕ մշակումները վերջին ժամանակահատվածում եղել են լայն ներգրավմամբ, և նախագիծը, որի մասին խոսում են կառավարության ներկայացուցիչները, առ այսօր ԱԺ չի առաքվել, առ այսօր չունի վենետիկյան հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը, այն մշակվել է առանց քաղաքական ուժերի ներգրավման: Պարզապես, վերցրել են խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը և բուն նախագծի վրա աշխատել են առանց խորհրդարանական ուժերի ներգրավման: ԸՕ նման փոփոխությունը, ինչպիսին, որ ենթադրվում է ԸՕ փոփոխությունների հայեցակարգով, լուրջ է և ենթադրելու է, որ եթե իշխանություններն ուզում են գնալ այդ փոփոխություններին, ապա պարտավոր են տալ ժամանակ բոլոր քաղաքական ուժերին՝ պատրաստվելու գալիք ընտրություններին:

Այս ժամանակահատվածը պետք է լինի համապատասխան վենետիկյան հանձնաժողովի ռեկոմենդացիաներին, այսինքն՝ առնվազն 6 ամիս: Այսինքն՝  ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է մի կողմից արագացնել արտահերթ ընտրությունների կազմակերպումը, մյուս կողմից՝ ֆորմալ առումով հավատարիմ մնալ սեփական իսկ ծրագրին, այն է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնել: Այս գործընթացները համադրելի չեն, ԸՕ փոփոխությունն այսօր և հնարավոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը դեկտեմբերին համադրելի գործընթացներ չեն: Եթե փոխում ենք ԸՕ-ն, ապա նրա վրա պետք է աշխատել բավականին երկար ժամանակ, ներառել քաղաքական կուսակցություններին կարծիքների համար, ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, լրամշակել նախագիծը, ընդունել այն  և տալ բոլոր քաղաքական ուժերին ժամանակ պատրաստվելու համար:

-Գիտակցո՞ւմ եք, որ այս հայտարարությունը ևս դիտարկվելու է  որպես հակահեղափոխական օրակարգ:

- Դա հակահեղափոխական օրակարգ չէ, դա ժողովրդավարական օրակարգ է: Իսկ գործող իշխանությունների բովանդակային քննադատությամբ ես զբաղված եմ վերջին 5 ամիսների ընթացքում: Ինձ տեռորով չեն վախեցնի: Ակնհայտ է, որ չի լինի հա՛մ բարեփոխել   Ընտրական օրենսգիրքը հիմա, նման հապճեպությամբ, հա՛մ կազմակերպել ընտրությունները դեկտեմբերին: Իշխանությունը պետք է 1 քաղաքական որոշում կայացնի իր համար՝ ինչ է ուզում: Ուզում է բարեփոխված ընտրական օրենսգիրք և սեփական կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, թե ուզում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին: Այս երկու ցանկությունների միաժամանակյա իրականացումը, կարծում եմ, համադրելի չէ, բայց սա, կրկնեմ, իմ անձնական տեսակետն է: Որոշումն իշխանություններինն է, և չմոռանանք նաև, որ հայտնի իրադարձություններից հետո Ընտական օրենսգիրքն այլևս սահմանադրական օրենք է, և իշխանությունը պետք է հաշվի, թե քանի ձայնով կարող է այն անցկացնել, եթե նկատի ունենանք, որ սահմանադրական օրենքներն ընդունվում են 3/5-րդով: Սա 63 ձայն է, և իշխանությունները, որոնք խորհրդարանական տարբեր խմբակցությունների հետ աշխատել են և աշխատում են այսօր, թող հաշվառեն, թե քանի ձայն կունենան Ընտրական օրենսգրքի ընդունման համար, քանի որ «Հանրապետական»  խմբակցության կարծիքը կարող է բացառապես քաղաքական լինել, ոչ թե քվեարկության համար  որոշիչ:

-Ձեր կուսակից Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ կողմ է ԱԺ արտահերթ ընտրություններին  մասնակցելուն, բայց որ ոմանք դեմ են, ասում են՝ բաց թողնենք:

-Գիտեք՝ «Հանրապետական» կուսակցության տարբեր անդամներ այս օրերին կարծիքներ են հայտնում, ես, Շարմազանովը, Վահրամը  Բաղդասարյանը: Կարծում եմ՝ երբ լինի կուսակցության վերջնական որոշումը, կտեղեկացնենք: Ինքս կարծում եմ, որ «Հանրապետական» կուսակցությունը պատեհ պահին Հայաստանի քաղաքական կյանքում ասելիք և անելիք ունի:

-Այլ հարց է, որ պետք է որոշվի՝ պատեհ պահը հիմա է, թե երբ:

-Կուսակցությունը կքննարկի և քաղաքական որոշում կկայացնի: Մանավանդ, որ մենք այդ առումով ընտրություններից առաջ ընկնելու կարիք չունենք, քանի որ ընտրությունների օրվա մասին հայտարարություն դեռևս չկա: Երբ ընտրությունները նշանակվեն,  այդ ժամանակ կքննարկենք և քաղաքական որոշումը կհրապարակայնացնենք:

-Տեղյա՞կ եք, որ բազմաթիվ ՀՀԿ-ականներ, հատկապես նրանք, ովքեր միացել էին ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջին, որոշ կուսակցությունների ներկայացուցիչների փոխանցմամբ, բանակցություններ են վարում իրենց՝ այլ կուսակցությունների ցուցակներում ներառելու վերաբերյալ:

-Մենք արդեն իսկ արձանագրել ենք, որ Հայաստանում քաղաքական կյանքը շատ բազմաշերտ է դարձել և ասիմետրիկ: Նման լուրեր, այն, ինչ հայտնում եք, չունեմ և մեկնաբանել չեմ կարող՝ մանավանդ, հաշվի առնելով, որ շատերն արդեն պարզապես սեփական քաղաքական ճակատագիրն են փորձում երաշխավորել նաև առանձին քաղաքական հայտարարությունների կամ համագործակցության ձևերով: