Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինեապոլիսի դեպքերից հետո ԱՄՆ իշխանությունները մտադիր են բարեփոխել ոստիկանությունը: Ֆրանսիական Le Point ամսագիրը, ըստ yerkir.am-ի, խորհուրդ է տալիս օրինակ վերցնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիից, որին հաջողվեց դա իրականացնել Վրաստանում, իհարկե` ոչ առանց Սորոսի օգնության:
«2003 թվականն էր: Վարդերի հեղափոխությունը ցնցեց 4 մլն բնակչություն ունեցող նախկին խորհրդային հանրապետությունը, որն արդեն 12 տարի է` անկախ էր: Այն իշխանության բերեց ԱՄՆ-ում կրթություն ստացած իրավաբանի` 36-ամյա Միխեիլ Սահակաշվիլիին, որը դարձավ ամենաերիտասարդ եվրոպական առաջնորդը:
Նա հարված հասցրեց կոռուպցիայի ամենահայտնի խորհրդանիշին` ոստիկանությանը, որի աշխատակիցներին անվանում էին «ուսադիրներով ավազակներ»: Ոստիկանությունում գնվում էին պաշտոններ, այնտեղ ծաղկում էր թմրանյութերի վաճառքը, ավտոմեքենա վարողներից կաշառք էին շորթում»,- գրում է թերթը` նշելով, որ «Մաքուր ձեռքեր» գործողությունը սկսվեց 2003-ի դեկտեմբերին:
Մի քանի օրում աշխատանքից հեռացվեց 30 հազար ոստիկան` ոստիկանության ամբողջ կազմի 80 տոկոսը: Որոշ ծառայություններում, օրինակ` մաքսայինում, այդպիսի «զտումը» բավարար չեղավ, և ստիպված եղան փոխել ամբողջ անձնակազմը: Նոր, երիտասարդ աշխատակիցներ հավաքելուն նպաստեց աշխատավարձերի` 10-20 անգամ բարձրացումը: Ֆինանսավորումն իրականացնում էր ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամը: Նրա փողերով բացվեց նաև ոստիկանության ակադեմիան:
Սահակաշվիլիին հետաքրքրում էր նաև ոստիկանության արտաքին տեսքը: Խորհրդային համազգեստը մնաց անցյալում, վրացի ոստիկանները սկսեցին նմանվել արևմտյաններին: Մտցվեցին նոր կանոններ: Վարորդները ստուգումների ժամանակ կարող էին մնալ մեքենաներում, որպեսզի նվազեցվեր պոտենցիալ ագրեսիայի ռիսկը: Մի քանի տարի անց ոստիկաններին նույնիսկ պարտադրում էին տեսախցիկներ ունենալ` խոսակցությունները տեսագրելու համար:
Բարեփոխումն արդյունք տվեց: Ոստիկանությունը եկեղեցուց ու բանակից հետո երրորդ հարգված պետական ինստիտուտն էր: 2003-ին Վրաստանն ամենաքիչ կոռումպացված երկրներից 124-րդն էր, 10 տարի անց բարձրացավ 48-րդ տեղը:
Նախաձեռնությունը գրավեց այլ երկրների ուշադրությունը: Արաբական գարնան ժամանակ Թբիլիսի էին այցելում պատվիրակություններ Թունիսից և Եգիպտոսից:
«Այնուամենայննիվ, Սահակաշվիլիի հեղափոխությունը հակառակ կողմն էլ ուներ: Տասնյակհազարավոր` աշխատանքից հեռացված ոստիկանները ցավագին ընդունեցին այդ փաստը: Շատերը դարձան տաքսու վարորդներ, ոմանք ավազակախմբերում ընդգրկվեցին, որոնց դեմ նախկինում պայքարում էին»,- գրում է ամսագիրը` հավելելով, որ հետագայում բողոքի ցույցերի ժամանակ նրանք ամենակազմակերպված ու ագրեսիվ ընդդիմադիր խմբերն էին:
Բացի դրանից, ըստ ֆրանսիական ամսագրի, Սահակաշվիլին սխալ թույլ տվեց: Ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով ոստիկանության վրա` չբարեփոխեց դատական համակարգը: Իսկ իշխանության չարաշահման հետևանքով 2013 թվականին նա տապալվեց ու լքեց երկիրը: