Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-10-10 16:52
Քաղաքական

Քննարկվել է այն, ինչը հայտնի է հանրությանը. Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը հանդիպել են ԱԺ-ում

Քննարկվել է այն, ինչը հայտնի է հանրությանը. Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը հանդիպել են ԱԺ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հանդիպել են Ազգային ժողովում:

Նախքան հանդիպումը՝ վարչապետը, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե դեկտեմբերի արտահերթ ընտրությունների օգտին հայտարարություն տարածած պատգամավորների վրա ճնշում են գործադրել, նշեց, որ եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է: Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ի հետ վարչապետ չառաջադրելու մասին հուշագիր ստորագրելու անհրաժեշտություն չկա երեկվա նրանց հայտարարությունից հետո:

Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո վարչապետը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իր ցանկությունը միշտ էլ եղել է երկրում տիրող քաղաքական լարված իրավիճակին հանգուցալուծում տալը: «Ես իմ գործընկերներին, խորհրդարանական ուժերին դիմել եմ հորդորով, կոչով, խնդրանքով, որ չարժե ներքաղաքական վիճակը լարել: Կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել: Ես՝ ինքս, հանրության, բոլորի առաջ բազմիցս պարտավորվել եմ քաղաքական իրողությունների  հետ հաշվի նստել և, բնականաբար, նույնն ակնկալում եմ մեր բոլոր գործընկերներից»,- ասաց նա:

Հարցին՝ երկրում սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնվե՞լ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հիմա ես դրա վրա եմ աշխատում»:

Անդրադառնալով հարցին, թե կադրերի առումով ի՞նչ տեսք կունենա ապագա Ազգային ժողովը, ՀՀ վարչապետն ասաց, որ դա ժողովուրդն է որոշելու:

Խոսելով իր կառավարության հասցեին հնչող քննադատությունների մասին՝ վարչապետը նշեց, որ ուշադիր հետևում է իրենց հասցեին հնչող բոլոր քննադատություններին, բոլորը ի գիտություն է ընդունում և կարևոր համարում: «Բացառվում է, որ որևէ մեկն ինձ  ավելի կոշտ քննադատության ենթարկի, քան ինքս դա կարող եմ անել: Այսինքն՝ որևէ մեկը չի կարող ավելի կոշտ քննադատության ենթարկել մեր կառավարությանը, քան ինքս եմ դա անում ամեն օր»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ արդյո՞ք փոխվելու է կառավարության կազմը, վերանայումներ լինելո՞ւ են, վարչապետը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ կվերանայվի, թե՝ ոչ: Ես ասել եմ, որ մեր առջև չկա խնդիր, որ կառավարության կազմում պետք է միայն լինեն կուսակցական կադրեր: Կա մեծ ներուժ, և հնարավոր է, որ նրանք դուրս մնան ԱԺ-ից, և մենք նրանց հետ համագործակցությունը կքննարկենք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այն, ինչը հայտնի է հանրությանը: Նա նշեց, որ սիրո և համերաշխության մթնոլորտը քիչ-քիչ վերականգնվում է: Անդրադառնալով Արմեն Աշոտյանի այն հայտարարություններին, որ պատգամավորներին ճնշում են, Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը ճնշվող չէ: