կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-24 14:55
Քաղաքական

ՀՀԿ-ն առաջարկում է իշխանափոխություն. Վահրամ Բաղդասարյանը հակառակվեց վարչապետի ասածին

ՀՀԿ-ն առաջարկում է իշխանափոխություն. Վահրամ Բաղդասարյանը հակառակվեց վարչապետի ասածին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` եռյակը անկանխատեսելի է, ուստի եռյակից հնարավոր չէ սպասել միասնական հայտարարություններ:



Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` իսկապե՞ս Հանրապետական կուսակցությունը այնքան ռեպրեսիվ բնույթ ունի, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանին ոչ ոք չի կարող փոխել, իսկ իշխանափոխությունն էլ վատ բան է, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Հանրապետական կուսակցությունն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխության` իր առաջարկած սահմանադրական բարեփոխումների միջոցով, այսինքն` Հանրապետական կուսակցությունն առաջարկում է կառավարման մոդելի փոփոխություն, ինչը նշանակում է իշխանափոխություն»:



«Իշխանության մեջ բոլոր այդ մարդիկ եղել են, ովքեր որ հիմա կանգնած են հարթակում ու պահանջում են իշխանափոխություն: Ուրիշ բան է, որ նորից են ուզում գալ իշխանության, կամ մի հատ էլ փորձում են իրենք լինել առաջին դեմք: Կա 2017, 2018 թվական, եթե ընտրությունների ժամանակ կհաղթեն, բնականաբար, իշխանությունը կպատկանի իրենց: Մի' շտապեք, համբերեք մինչև 2017, 2018 թվականը»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:



Մեր այն դիտարկմանը, որ մինչ համբերում են, Հայաստանը դատարկվում է ժողովրդից, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Արտագաղթն էլ խնդիր է, պետք է մտածենք` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք, բայց ընդամենը մի քանի ամիս առաջ արտաքին վտանգ ունեինք, մենք նորից կարող ենք հայտնվել այդ վտանգի տակ, ահա ինչու բոլոր քաղաքական ուժերը պետք է ըմբռնումով մոտենան ու կարողանան այդ խնդիրները լուծել, ոչ թե առաջնորդվեն այլ ամբիցիաներով, ժողովրդին հավաքեն ու ասեն` մենք ենք լինելու: Ի՞նչ է, մտածում եք, որ ինչ-որ մարդիկ կգան ու անմիջապես կկանխե՞ն արտագաղթը: Ունեն ծրագիր, թող գան, միասին իրականացնենք: Նույն մարդիկ եղել են նաև կոալիցիայում, ի՞նչ է պատահել այն ժամանակ, ամեն ինչ լավ էր, այն ժամանակ նման ամբիցիաներ ԲՀԿ-ն չուներ, ի՞նչ փոխվեց»:


Մեր ճշտող հարցին` իսկ ի՞նչ փոխվեց, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եզրահանգումները թողնում եմ ձեզ»:


Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ պատրաստ է դառնալ նախագահ, նա պատասխանեց. «Է դուք էլ ասեք, ո՞վ չի կարող ասել: Ես էլ կարող եմ ասել: Եթե նպատակը միայն աթոռն է, բոլորն էլ պատրաստ են, բայց պետք է ունենան ծրագրեր ու մեխանիզմներ»: