կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-04 12:45
Մշակույթ

Վիեննայի տղաների երգչախմբի համերգն՝ այսօր

Վիեննայի տղաների երգչախմբի  համերգն՝ այսօր

«Երևանյան հեռանկարներ» միջազգային  երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա   Վիեննայի տղաների հռչակավոր երգչախմբի  համերգը:

Համերգի ծրագրում կհնչեն Գալուս, Հենդել, Հայդն, Մենդելսոն, Շուբերտ, Մոխնիկ, Շեչինսկի, Կոմիտաս, Յոզեֆ Շտրաուս, Յոհան Շտրաուս, Բիլի Ջոյել, ժողովրդական երգեր, հատվածներ հայտնի մյուզիքլներից:

Երգչախումբը ստեղծվել է 1498թ. Մաքսիմիլիանոս Առաջին կայսեր հրամանով: Դրանով իսկ կանոնակարգվեց դեռևս 1296թ.-ից Կայսերական եկեղեցում երգող տղաների ավանդույթը: Պատմական երգչախմբի կազմում  են երգել կամ աշխատել նրա հետ Մոցարտը, Սալիերին, Գլյուկը, Բրուքները, Հայդն եղբայրները, Շուբերտը, Բեթհովենը և Բախը: Մինչ 1918թ.-ը երգչախումբը երգել է միայն Կայսերական պալատի համար, և  միայն 1920-ից էր, որ այն վերածվեց առանձին կազմակերպության  և սկսեց հանդես գալ լայն հասարակության համար և շրջագայել աշխարհով մեկ: Երգչախմբի ձայնագրությունները ներկայացնում է բացառապես «Դոյչե Գրամոֆոն» ընկերությունը: Վիեննայի տղաների մասին նկարահանվել է շուրջ 50 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, այդ թվում նաև` «Ուոլթ Դիսնեյ» ընկերության կողմից: Երգչախումբը հաճախակիորեն իր ներկայությամբ և անզուգական կատարումով զարդարում է հռչակավոր ամանորյա համերգը, որը հեռարձակվում է աշխարհով մեկ Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկե դահլիճից:

Ավստրիայի պետությունը Վիեննայի տղաների երգչախմբին նվիրաբերել է  քաղաքում գտնվող ամենագեղեցիկ պալատներից մեկը` Աուգարտենը, ուր  երեխաները ապրում են և հաճախում դպրոց: Երգչախմբի անդամների տարիքը 9-14 տարեկան է: Տղաների երգչախմբի համար 2012-ին Վիեննայում կառուցվեց 400-տեղանոց համերգային դահլիճ: Երգչախումբը հայտնի է նաև իր մարդասիրական ծրագրերով, բացառիկ լուսավորչական աշխատանքով, որը նրա անդամները կատարում են փախստականների և բոլոր կարիքավորների համար, և ընդհանրապես` մարդկությանը առավել բարի դարձնելու նպատակով: