Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ կայացած հանդիպմանը: Աշոտյանը նշեց` այն, որ հանդիպումը կարևոր էր, իրենք մինչև հանդիպման մեկնարկն են ասել:
«Ակնհայտ է, որ նման աշխատանքային քննարկումների անհրաժեշտություն կա, և այս տեսակետից երեկվա այդ կոնսուլտացիաների մեկնարկը շարունակվելու է այսօր, և վաղը` այլ քաղաքական ուժերի հետ, շատ կարևոր է»,- ասաց նա:
Աշոտյանը միևնույն ժամանակ նշեց, որ այդ հանդիպման նպատակը որևէ մի կողմին գոհացնելը չէր: «Վստահաբար, Վահրամ Բաղդասարյանը չէր գնացել այդ հանդիպմանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ էմոցիաներ և ժպիտներ պարգևի, նույնը` Նիկոլ Փաշինյանը չէր եկել այդ հանդիպմանը, որպեսզի Վահրամ Բաղդասարյանը հեռանա մի գավաթ սուրճից հետո բարձր տրամադրությամբ»,- ասաց նա և նշեց, որ նպատակը ոչ այնքան պրոցեսն է, որքան արդյունքը:
«Սա այն դեպքն է, որ ես կարևորում եմ արդյունքը, թեպետ պրոցեսն ինքնին դրական եմ համարում: Մեր տեսակետները ծայրահեղորեն տարբեր չեն: Ես մի քիչ զարմացա, որ վարչապետը վերջում մեկնաբանություն տալիս ՀՀԿ-ին վերագրեց մինչև 2022 թվական ընտրություններ չանցկացնելու որոշում: Նման որոշում խմբակցությունը չունի, առանձին պատգամավորներ` ես, Շարմազանովը, Մելիքյանը, գուցե այլ մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնում, բայց երեկվա քննարկման ընթացքում կարող եմ ասել, որ նման որոշում մեզ վերագրել չի կարելի»,- ընդգծեց պատգամավորը:
Աշոտյանի կարծիքով` ամենակառուցողական դիրքորոշումներից մեկն են որդեգրել: «Պարզապես բանակցել ուժի դիրքերից` մի բան է, բանակցել սպառնալիքների լեզվով` մի բան է, բանակցել, երբ ունակ ես և ուզում ես լսել նաև օպոնենտիդ կարծիքը` այլ բան է: Կարծում եմ` երեկ և' Բաղդասարյանը, և' Փաշինյանը գոնե հրապարակային ելույթներում կարողացան խուսափել այդ գործընթացը անդառնալի դարձնող ձևակերպումներից»,- ասաց նա:
Իսկ թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է` իրենց և վարչապետի դիրքորոշումները ծայրահեղ տարբեր չեն, Աշոտյանը պարզաբանեց. «Քաղաքական գործընթացները Հայաստանում վերջնանպատակ ունեն` հասարակության, պետության, մարդկանց սոցիալական, տնտեսական շահերի համադրում, ուրիշ բան է, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են պատկերացնում այդ շահերը` կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Ի վերջո, բոլոր քաղաքական ուժերի նպատակը նույնն է` սահմանադրականություն, ներքին կայունություն և Հայաստանի անվտանգություն»:
Աշոտյանը նաև ընդգծեց, որ գործընթացի հաջողությունը ոչ միայն ՀՀԿ-ի, այլև մնացած խորհրդարանական ուժերի հանդիպումներից է կախված, ապա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին` զերծ մնալ ավելորդ էմոցիաներից:
«Ներվը պետք է հանել բանակցություններից, վարչապետը մի քիչ նյարդային էր, կարծես թե, վերջին հարցազրույցի ընթացքում, ներվը պետք է հանել, քիչ արտահոսքեր տալ, թե ինչ է խոսվել։ Մի դետալ կարող է մեկին ձեռք տալ, մյուսը՝ մեկին, և այդ դետալը դուրս հանելով` դու հարվածի տակ ես դնում ջենթլմենական պայմանավորվածությունը, որը կարող է ձեռք բերվել, և ես բարձր եմ գնահատում և' Վահրամի, և' Նիկոլի երեկվա պահվածքը, որ նրանք զերծ մնացին ամբողջությամբ հանրայնացնել խոսակցությունը»,- ասաց պատգամավորը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառը, ըստ Աշոտյանի, այն է, որ վարչապետը մտահոգություններ ունի, որ երբ իր սահմանադրական իմունիտետը սպառվի մայիսի 9-ին, նա ԱԺ-ում կարող է ստանալ անվստահության քվե։