կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-28 15:33
Քաղաքական

Մակրոնը Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ը

Մակրոնը Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ը

Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում գլխավոր հյուրերի թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ով Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ին: Այս մասին, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Նրա խոսքով՝ Մակրոնին կուղեկցի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք անձինք:

Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնվել է 1970 թ.։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր առաջնային առաքելություն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության, անդամ երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացման՝ նրանց տնտեսական աճն ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցության գործողություններով: