կարևոր
1366 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-07 21:28
Քաղաքական

ԱՆԻՖ-ի նախկին տնօրենը դատարանում հաղթել է իրեն պաշտոնից ազատած տնօրենների խորհրդին. Հետք

ԱՆԻՖ-ի նախկին տնօրենը դատարանում հաղթել է իրեն պաշտոնից ազատած տնօրենների խորհրդին. Հետք

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը դատական երկու ատյաններում հաղթել է ֆոնդի տնօրենների խորհրդին, որը 2024 թ. հունվարին նրան ազատել էր աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է Հետք էլեկտրոնային պարբերականը:

Հիշեցնենք, որ Փափազյանը ֆոնդի տնօրենն էր 2019-ի մայիսից՝ ընկերության հիմնադրումից, մինչեւ 2024 թ. հունվար: Այդ ընթացքում՝ 2019-2023 թթ., ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը նախ ՀՀ փոխվարչապետն էր, հետո՝ Երեւանի փոխքաղաքապետը, իսկ երբ 2023 թ. նոյեմբերին դարձավ Երեւանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի միակ բաժնետիրոջ՝ պետության անունից հանդես եկող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույն տարվա նոյեմբերին դադարեցրեց նրա, ինչպես նաեւ Ավինյանին փոխկապակցված եւ խորհրդի անդամ հանդիսացող Սոնա Թեւանյանի ու Անետա Բաբայանի լիազորությունները (վերջիններս նախ աշխատում էին փոխվարչապետի գրասենյակում, իսկ հետո Ավինյանի հետ տեղափոխվել էին Երեւանի քաղաքապետարան):

Այս երեքի փոխարեն Վ. Քերոբյանը նշանակել էր խորհրդի նոր անդամների՝ Էդգար Մկրտչյանին (փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար), Արման Ադիլխանյանին (փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար), Անի Իսպիրյանին (այն ժամանակ՝ էկոնոմիկայի փոխնախարար): Խորհրդում մնացել էին նաեւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենն ու իտալացի Իսիդորո Լուչիոլան, ընդհանուր՝ 5 հոգի: Ավինյանի ազատումից հետո խորհրդի նախագահը դը Վիլպենն էր, սակայն 2023-ի դեկտեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարարությունը հայտնեց, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել փոխնախարար Անի Իսպիրյանը:

2024 թ. հունվարի 5-ին Իսպիրյանը, Մկրտչյանն ու Ադիլխանյանը որոշել էին պաշտոնից ազատել ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանին եւ նրա փոխարեն պաշտոնակատար նշանակել ֆոնդի աշխատակից Տիգրան Ղազարյանին: Հունվարի 7-ին ԱՆԻՖ-ը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարության՝ Փափազյանին ազատելու առաջարկից հետո Դոմինիկ դը Վիլպենը հրաժարական է ներկայացրել խորհրդի անդամի պաշտոնից։ Հեռանալու որոշում էր կայացրել նաեւ Իսիդորո Լուչիոլան:

2024 թ. մարտի 5-ին Դ. Փափազյանը դիմել էր Երեւանի քաղաքացիական դատարան՝ խնդրելով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով անվավեր ճանաչել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի հունվարի 5-ի նիստի արձանագրությունը: Հայցադիմումն ընդունվել էր դատավոր Թաթուլ Ղուկասյանի վարույթ:

Փափազյանի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ խորհրդի նիստի մասին ծանուցվել են 3 հոգի՝ Անի Իսպիրյանը, Էդգար Մկրտչյանն ու Արման Ադիլխանյանը: Չնայած նիստի արձանագրության մեջ չի նշվել Փափազյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման որեւէ իրավական հիմք, արձանագրության պատճառաբանություններից հետեւում է, որ խորհուրդը որոշման հիմքում դրել է տնօրենի կողմից իրեն վերապահված պարտականությունները շարունակական չկատարելը, ավելի կոնկրետ այն, որ Փափազյանը ԱՆԻՖ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունները պետական գրանցման համար չի ներկայացրել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Հայցվորը նաեւ նշել է, որ գործատուն ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր ձեւով Փափազյանից չի պահանջել գրավոր բացատրություն իր պարտականությունները չկատարելու պատճառների մասին, ինչը նախատեսված է Աշխատանքային օրենսգրքով: Բացի դրանից՝ հայտնել է, որ արձանագրությունը չի պարունակում խորհրդի նիստին մասնակցած եւ որոշմանը կողմ քվեարկած անդամների ստորագրությունները:

Պատասխանողը՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը, ըստ դատարանի, չնայած ծանուցված է եղել դատական նիստերի կայացման վայրի ու ժամանակի մասին, հայցադիմումի պատասխան, առարկություններ չի ներկայացրել:

Դատարանը պարզել է, որ 2024 թ. հունվարի 5-ին խորհրդի նախագահ Անի Իսպիրյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՆԻՖ-ի խորհրդի նիստ հեռակա կարգով՝ հարցման միջոցով: Օրակարգում քննարկվել է տնօրեն Դ. Փափազյանի կողմից 2023-ի օգոստոսի 3-ից մինչեւ 2024-ի հունվարի 3-ը իր պարտականությունները շարունակական չկատարելու հիմքով նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Փափազյանն ազատվել է աշխատանքից, եւ տնօրենի ժամականավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը: Միաժամանակ դատարանը նկատել է, որ արձանագրությունը ստորագրված է միայն Իսպիրյանի կողմից: Ըստ դատարանի՝ նիստի արձանագրության մեջ նշված չէ, թե Դավիթ Փափազյանի հետ կնքված պայմանագիրը Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված ինչ հիմքով է լուծվել, եւ Փափազյանի լիազորություններն ինչ հիմքով են վաղաժամկետ դադարեցվել (սա օրենսդրության պահանջ է):

2024 թ. նոյեմբերի 1-ին Երեւանի քաղաքացիական դատարանը բավարարել է Դ. Փափազյանի հայցը ու նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով անվավեր ճանաչել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի հունվարի 5-ի նիստի արձանագրությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: