կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-30 13:57
Հասարակություն

ԱՀԿ-ն ողջունում է ՀՀ-ում հակածխախոտային պայքարը

ԱՀԿ-ն ողջունում է ՀՀ-ում հակածխախոտային պայքարը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (World Health Organization) աջակցում է ՀՀ-ում իրականացվող հակածխախոտային քաղաքականությանը, որի շրջանակներում  օրենքի նոր նախագծի մշակմամբ նոր, առավել լուրջ կարգավորումներ է նախատեսվում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի վերահսկման ծրագրի համակարգող Քրիստինա Մաուեր-Շտենդերը ՀՀ առողջապահության նախարարությանն ուղղված իր նամակով, որում մեծապես կարեւորում է Հայաստանի հստակ քայլերը`  միանալու այն արևմտյան պետություններին, որոնք սահմանափակել են թե ավանդական, թե էլեկտրոնային սիգարետների (այդ թվում՝ տաքացնող ծխախոտային արտադրանքների) հանրային օգտագործումն ու գովազդն իրենց բնակչության շրջանում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության`  «ծխախոտի օգտագործման ԲՈԼՈՐ տարբերակները վնասակար են, այդ թվում նիկոտին մատակարարող էլեկտրոնային համակարգերը (electronic nicotine delivery systems, ENDS) և տաքացվող ծխախոտային արտադրանքը (heated tobacco products, HTPs)»:

Ապացուցողական բժշկության վրա հիմնված պաշտոնական տվյալները փաստում են` մի շարք երկրներում օրեցօր տագնապալի արագությամբ աճում է էլեկտրոնային սիգարետների և տաքացվող ծխախոտային արտադրանքների օգտագործումը պատանիների և երիտասարդների շրջանում: Պատճառը տվյալ ապրանքներն արտադրող ընկերությունների ապակողմնորոշող և մոլորեցնող մարքեթինգային ռազմավարությունն է, որն ակնհայտ նպատակ ունի քողարկելու իր արտադրանքի՝ մարդկանց առողջությանը հասցվող վնասի մասին տեղեկատվությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է էլեկտրոնային ծխախոտի վնասակարության մասին

Հայաստանում ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակման գործընթացը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության ներքո է: Այս առումով ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ, համաձայն Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի, տաքացվող ծխախոտային արտադրատեսակները ենթակա են օրենսդրական նույն կարգավորումների, որոնք գործում են բոլոր այլ տեսակի ծխախոտային արտադրատեսակների համար:

ՀՀ առողջապահության նախարարությունն իր հերթին հրավիրում է բոլոր և հատկապես ծխող քաղաքացիների ուշադրությունն այս հիմնախնդրին և կոչ անում տեղեկացված լինել հայաստանյան շուկայում հայտնված այս նոր արտադրանքների վնասակարության մասին:

Առողջապահության նախարարություն