կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 09:22
Առանց Կատեգորիա

Ըստ ԱՀԿ զեկույցի՝ ՀՀ-ում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են. «Հայաստանի Հանրապետություն»

Ըստ ԱՀԿ զեկույցի՝ ՀՀ-ում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի վերաբերյալ «ՀՀ»-ի հարցին ի պատասխան կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մասնավորապես, ասել է. «Ռազմահայրենասիրական դաստիարակությունը ոչ թե պետք է լինի կոչեր, լոզունգներ, այլ հակառակը՝ մենք պետք է փորձենք երեխաների  մեջ ձեւավորել էմոցիոնալ որոշակի հմտություններ, որպեսզի հասկանան, որ աշխարհը միայն իրենցով չէ: Հիմա  դեռահասների շրջանում շատ լուրջ պրոբլեմ ունենք էգոիզմի հետ կապված: Այս դարաշրջանում, երբ ամեն ինչ անհատական է դառնում, ասենք, հեռախոսը, ավտոմեքենան, հեռուստացույցը, երեխաների մեջ ուժեղանում է էգոիզմը: Մարդիկ արդեն դժվարությամբ են միմյանց մեջ ինչ-որ բան կիսում:

Երբ այդ տղան գնում է զինված ուժերում ծառայելու, արդեն  նրա մեջ ձեւավորված է էգոիզմը, կողքինի հետ չկիսվելը դառնում է կոնֆլիկտների հիմնական պատճառը: Օրինակ, վերջերս վարչապետն էլ էր կոնֆլիկտի պատճառի օրինակ բերել, երբ մի զինվորը մյուսին ասել էր՝ ինչո՞ւ պետք է իմ վարտիքը լվացվի քո վարտիքի հետ, եւ այդ խոսակցությունն ավարտվել էր սպանությամբ:

Իհարկե, մեզ ռազմահայրենասիրական կրթություն պետք է, բայց դեմ եմ, որ դա արվի հին քարոզչական մեթոդներով, ինչն արդյունավետ չի լինի: Պետք է դպրոցականը հասկանա, թե ինչ երկրում է, եւ միմյանց հանդեպ լցված լինեն կարեկցողի ու մարդկային այլ որակներով: Հասկանա, որ երկու տարվա ծառայության ընթացքում պետք է աջակցեն իրար, այլ ոչ թե միմյանց դեմ դուրս գան: Դպրոցում պետք է սերմանել այս գաղափարները:  Պետք է սերմանել, որ գուցե տանը իրենց կարող են թույլ տալ էգոիզմ, բայց բանակը պետական անվտանգության լուրջ կառույց է եւ անթույլատրելի է, որ ինչ-որ մեկն իր շահն առաջ տանի ու ոտնատակ անի ծառայակիցների շահերը:

Հետաքրքիր տվյալներ ներկայացնեմ:  Հայաստանն արդեն 7-8 տարի մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի պատրաստմանը, որն անցկացնում է Արաբկիրի դեռահասների առողջության ինստիտուտը: Այդ զեկույցով արդեն մի քանի տարի ահազանգվում է, որ Հայաստանում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են:

Հարց է ծագում, այս խնդիրը ո՞վ պետք է լուծի, եթե կրթությունն այս հարցը չի դնում իր օրակարգում  եւ չի հավաքում տնօրեններին, դաստիարակության հարցերով փոխտնօրեններին: Դպրոցն, իհարկե, չի կարող շատ հարցեր լուծել, շատ բան կախված է ընտանիքից, երկրի վիճակից, բայց եկեք մենք էլ մեր մասով փորձենք վիճակը լավացնել: Եթե կրթությունը քայլեր անի, ընտանիքը քայլեր անի՝ այդ ամենը կբերի ավելի լավ վիճակի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։