կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-26 16:34
Հասարակություն

Ավելորդ սթրե՞ս, թե՞ առողջության պահպանում. ինչ հետևանքներ կարող է ունենալ հակածխախոտային օրենքը

Ավելորդ սթրե՞ս, թե՞ առողջության պահպանում. ինչ հետևանքներ կարող է ունենալ հակածխախոտային օրենքը

Առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել նոր օրինագիծ, որով կկանխարգելվի կամ կնվազեցվի  ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցությունը: Օրենքի նախագծում ամրագրված է, որ հանրային վայրերում կարգելվի ծխելը, նաև սահմանված է, թե ինչ ասել է` հանրային վայր: Օրենքը խախտողները կտուգանվեն 250-500  հազար դրամով:

Որքանո՞վ օրենքը կազդի ծխողների վրա՝ ստիպելով դադարեցնել ծխելը, կամ ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ այն. Yerkir.am-ը զրուցել է հոգեբան Աննա Բադալյանի հետ:

Ըստ հոգեբանի` առաջին հերթին մարդ պետք է օրենքի ուժով երկրում ապրի, որտեղ կգնահատվի օրենքի ուժը, որպեսզի ցանկացած օրենքի հետևողական լինի: նա նշեց, որ օրենքը գուցե ծխելը թարգելուն ուղղված քայլերից մեկն է, սակայն նախ պետք է դրա հետևանքները վերացնել:

«Խնդիրն ուրիշ տեղ է. արգելեն-չարգելեն, ծխողը ծխելու է, իսկ երբ նրա գրպանին կպնեն, նա այլ վայրում կծխի, և սա կդառնա հավելյալ սթրեսածին երևույթ: Ես դեմ եմ ծխելուն, այն վնասակար է առողջությանը, սակայն կարծում եմ՝ այս դեպքում պետք էր ավելի շատ լուսաբանել, իրազեկել, մարդկանց փորձել հոգեբանական տեսանկյունից բացատրել՝ ինչո՞ւ է նա ծխախոտից կախված: Ծխելը շատ հաճախ հենց կախվածություն է, որից որոշ մարդիկ ուզում են ազատվել, բայց չեն կարողանում»,- ասաց հոգեբանը:

Նրա մեկնաբանմամբ՝ նման օրենքը լինելու է կրկնակի սթրես ծխողների համար, քանի որ պետք է ոչ թե միանգամից արդյունքից ազատվել, այլ պատճառը գտնել ու այն վերացնել: Այսինքն, ըստ Բադալյանի, հակածխախոտային ակցիան ճիշտ ճանապարհով է պետք սկսել:

«Բացի այդ՝ երբ կտրուկ ինչ-որ բան արգելում ենք, ասես՝ ստիպում ենք այն անել: Երբ մարդը սկսում է ծխել, բացի նրանից, որ ֆիզիոլոգիական կախվածություն է ձեռք բերում, այն նաև հոգեբանական կախվածություն է առաջացնում: Մարդ նախ պետք է կարողանա ներքին խնդիրները լուծել, հասկանալ՝ ծխախոտն ուղղակի գործիք է, իսկ ներքին խնդիրն՝ այլ բան: Կան ընտանիքներ, որտեղ ծխում են երեխայի ներկայությամբ, և այդ մարդկանց վրա օրենքը որքանո՞վ է ազդելու: Մեզ մոտ ավելի շատ մտածելակերպի փոփոխության խնդիր կա»,- ասաց Բադալյանը:

Հարցին, թե տարածված կարծիք կա, որ ծխախոտը նյարդերը հանգստացնում է, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, հոգեբանը պատասխանեց, որ ծխախոտը ոչ թե  հանգստացնում է նյարդերը, այլ բթացնում է: «Շատ հաճախ մարդկանց թվում է՝ ծխեցի ու նյարդերս հանգստացան: Սակայն, երբ մի բան շատ ես կիրառում, դրա ազդեցությունը կորչում է, օրինակ` նույնիսկ բժշկության մեջ կա՝ մի դեղի հաճախ կիրառելը կորցնում է իր ազդեցությունը: Այն, որ ծխելը նյարդերը հանգստացնում է, կարծրատիպ է»,- ասաց նա:

Բադալյանի կարծիքով՝ ցանկացած օրենք գրելիս պետք է ազգային առանձնահատկությունները, մարդկանց սոցիալական վիճակը հաշվի առնվեն: Նա կասկածում է, որ օրենքը կարող է ճիշտ նպատակին ծառայել մեր հասարակության մեջ: «Ցավում եմ, բայց հաճախ ծխախոտին տրվում է այն խավը, որն անելանելի վիճակում է, ու այդ իրավիճակին «դոմինանտող» միակ փրկությունը դառնում է ծխելը: Ուզում եմ ինձ ճիշտ հասկանան՝ ծխելն ինձ համար հակաէսթետիկական է, սակայն ես ուղղակի ցավում եմ ու վախենում, որ հանկարծ ինչ-որ մեկը կարող է այդ ամենի տուժողը դառնալ: Օրինակ` հոգեբանական ծանր վիճակում, ասենք՝ հանրային վայրում՝ թաղման ժամանակ, մարդը ձեռքը մեխանիկորեն կարող է տանել դեպի ծխախոտը, հիմա ի՞նչ, նրան պետք է տուգանե՞ն: Կամ էլ՝ գրասենյակում, երբ տնօրենը ծխի, ո՞ր աշխատողը կբողոքի նրա դեմ: Հասարակության մեջ պետք է մտածելակերպը փոխվի»,- նշեց հոգեբանը:

Նա ամփոփեց իր խոսքն` ասելով, որ մարդուն պետք է փոքր հասակից՝ տեսողական հնարքների միջոցով սովորեցնել, որ ծխելը վնասակար է առողջությանը, պետք է ավելի շատ ինֆորմացիա տալ ծխելու հետևանքների մասին: Բադալյանի խոսքով՝ նման հաջող օրինակ էր ծխախոտի տուփերի վրա զարհուրելի նկարներ տեղադրելը, քանի որ դրանք, այո, ազդում են փոքրերի վրա, ովքեր դեռ չեն սկսել ծխել: