Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատուկ քննչական ծառայությունը խոսում է Հայաստանի Հանրապետության անունից և իրավունք չունի ապօրինի որակել ուժի մեջ մտած դատական ակտը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն` անդրադառնալով Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ քրեական դատարանի որոշման վերաբերյալ ՀՔԾ-ի արձագանքին:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ապօրինի էր համարել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,-հայտարարել էին ՀՔԾ-ից: «ՀՔԾ-ն ու Դատախազությունը, նաև պաշտպանական կողմն ուղիղ եթերում համարյա մտել են պայքարի մեջ, և ժողովուրդը հայտնվել է դատավորի կարգավիճակում։ Գուցե սա նորմալ է, բայց լավ դատավորը վատից ինչո՞վ է տարբերվում. լսում է երկու կողմերին, և սիրում է, որ եթե մեղադրողներն ուժեղ են, պաշտպանական կողմն էլ լինի ուժեղ»,-ասաց փաստաբանը:
Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Քոչարյանին պաշտպանելու օրերին, համացանցում ինքն այնպիսի գրոհի է ենթարկվել, ինչի մասին երբևէ չի պատկերացրել:
«Հարցը ես չեմ. հարցն այն է, որ երբ որ գրոհում են պաշտպանի նկատմամբ, ամենավերջին բառերն ասում` «Հայրենիքի դավաճան» և այլն կամ սպառնալիքներ հնչեցնում, ես հասկանում եմ` նրանք ովքեր են, հակսանում եմ նրանց բառի արժեքը: Ես հասկանում եմ նաև ուրիշ բան, երբ իրենք գրոհում են իմ նկատմամբ, դատավորին են ուզում ցույց տալ, թե իր հետ ինչ կկատարվի, եթե ինքը համաձայնի իմ փաստարկների հետ»,-ասաց նա` նշելով, որ դա արդեն իսկ բիրտ ճնշում է դատարանի նկատմամբ:
Ալումյանի խոսքով` քրեական գործերով մասնագիտացած փաստաբանները շատ լավ գիտեն դատավոր Ազարյանի մասնագիտական և մարդկային որակների մասին:
«Երբ այդ ազնվագույն դատավորի մասին ինետերնետով ինչ ասես գրում են, նշանակում է ճնշման տակ են դնում Վճռաբեկ դատարանի դատավորներին. սա է վտանգավոր»,-ասաց նա:
Ալումյանը հիշեց, որ երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց, ազգը ցնծության մեջ էր և ցանկացած այլախոհ գրոհի էր ենթարկվում:
«Կային նրան պաշտպանող կանայք, որոնց կոչում էին БТР, կար ՀՀՇ-ի Գևորիկ. ես վախենում եմ, որ մեր լուսավոր երիտասարդներին չփորձեն օգտագործել և դարձնել ՀՀՇ-ի Գևորիկ»,-նշեց նա: