Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին ձերբակալված, այնուհետև կալանավորված` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատավճիռը:
Դատավոր Վաչե Մարգարյանի վճռով Իշխան Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 311 -րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Վաչե Մարգարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացրած դատավորն է:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2017թ. հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը, 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: