|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Եվրախորհրդարանի նախկին անդամ և Ուելսի «Բարեփոխում Մեծ Բրիտանիա» աջակողմյան կուսակցության նախկին առաջնորդ Նաթան Գիլը, ով նախկինում մեղավոր էր ճանաչվել Եվրոպայում Ռուսաստանի քաղաքական շահերի լոբբինգի համար կաշառք վերցնելու մեջ, Մեծ Բրիտանիայում դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին ասված է բրիտանական հետաքննչական ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է Լոնդոնի Օլդ Բեյլիի կենտրոնական քրեական դատարանում տեղի ունեցած լսումներից հետո:
Դատավոր Բոբի Չիմա-Գրաբը դատավճռի հրապարակման ժամանակ նշել է, որ նախկին Եվրախորհրդարանի անդամը գումարներ է ստացել իր հանրային պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու դիմաց։ Նա պնդել է, որ Գիլը Եվրախորհրդարանում ուկրաինական հակամարտության վերաբերյալ Մոսկվայի համար բարենպաստ պատմություններ է տարածել։ Դատավորը շեշտել է, որ Գիլի գործողությունները սպառնում էին Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը։
Սեպտեմբերին 52-ամյա Գիլը մեղավոր ճանաչվեց կաշառակերության ութ դրվագով, որոնք վերաբերում էին 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հուլիսն ընկած ժամանակաշրջանին, երբ նա Եվրախորհրդարանի անդամ էր։ Ըստ դատախազ Մարկ Հեյվուդի՝ Գիլը, ի թիվս այլ բաների, կաշառք է ստացել՝ Եվրախորհրդարանում ռուսներին հետաքրքրող հարցեր բարձրացնելու և նրանց շահերից ելնելով միջոցառումներ կազմակերպելու համար: Քաղաքական գործիչը լքել է Եվրախորհրդարանը 2020 թվականին՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուց հետո: