Փոխարժեքներ
18 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.39 |
EUR | ⚊ | € 415.73 |
RUB | ⚊ | ₽ 4.3378 |
GBP | ⚊ | £ 499.53 |
GEL | ⚊ | ₾ 140.6 |
Ոչ թե պետք է բողոքարկենք, այլ՝ չենք կարող չբողոքարկել դատավճիռը, քանի որ մեծ հաշվով՝ այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունեինք։ Ուղղակի հաճախ նաև խղճահարություն և նողկանք է առաջանում մարդու մոտ՝ այս պրոցեսներին հետևելիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Իրավաբան լինելով հանդերձ՝ մի փոքր հույս էի փայփայում՝ ազատության մեջ հայտնվելուց հետո, փորձել էի կարգավորել նիստերի ընթացքը, որ ավելորդ քաղաքական կամ այլ ճնշում դատավորի վրա չլինի, որ կարողանա արդարադատություն իրականացնել։ Ինչպես տեսնում ենք՝ իմ մեծահոգության նշույլներն էլ կարողանում են ցրել»,-նշել է Ասլանյանը։
Հարցին՝ տեսնո՞ւմ է քաղաքական ճնշում դատարանի վրա, Ասլանյանը պատասխանել է. «Ես այդ ճնշումների անունը չգիտեմ, դրա անունն ինչ է, բայց տեսնում եմ, որ դատավորը կաշկանդվածություն ուներ, նրա հուզական վիճակից էլ էր երևում, և դատական քննության որևէ փուլում որևէ ապացույց, որևէ մատնանշում, որևէ նույնիսկ ակնարկ չի եղել մեղավորության հետ կապված: Որևէ վկայություն, որևէ փաստաթղթային ինչ-որ բան չի եղել, որով կարելի էր մեղավոր ճանաչել»:
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է Մամիկոն Ասլանյանի գործով մեղադրական վճիռը։ Դատարանը մեղավոր է ճանաչել Ասլանյանին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածով առաջադրված մեղադրանքներում և որպես վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4 տարի 4 ամիս ժամկետով, տուգանքը՝ 500,000 ՀՀ դրամի չափով, հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 3 տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ Ասլանյանը ազատազրկում կկրի 1 տարի 9 ամիս ժամկետով։ Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը դատարանը թողել է անփոփոխ ՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Գործով անցնող մյուս ամբաստանյալ Սուրեն Աբովյանը ևս մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքներում, հոդվածների մի մասով՝ ազատվել պատասխանատվությունից, մյուս մասով՝ դատապարտվել ազատազրկման և տուգանքի։ Դատարանը որպես վերջնական պատիժ է սահմանել ազատազրկումը՝ 2 տարի ժամկետով, տուգանքը՝ 400 000 ՀՀ դրամի չափով, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելուց զրկելը՝ 3 տարի ժամկետով։ Ամբաստանյալ Արևհատ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքներում, որպես պատիժ նշանակվել տուգանքը՝ 500,000 դրամի չափով։