Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քննիչի որոշմամբ` արգելանք է դրվել կաշառք ստանալու մեջ մեղադրվող` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի տեսակցությունների վրա: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Նշենք, որ դատավորը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով, ներկայումս գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Պաշտպանը հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Հարցին` արդյո՞ք արդար քննության իրավունքի խախտում չէ «հանցագործության» կատարման հարցում իրավապահ մարմինների օժանդակումը, այսինքն` «կաշառքի նմանակում» օպերացիայի միջոցով Բարսեղյանին ձերբակալելը, պաշտպանն արձագանքեց. «Տեսանյութի հրապարակումն արդեն իսկ միջամտություն է արդար քննության իրականացմանն ու արդար քննության իրավունքի խախտում: Այն, բնականաբար, իր ազդեցությունը կունենա նախաքննության, դատաքննության, ինչու չէ` նաև հանրային կարծիքի վրա: Այս գործով ակնհայտ է անմեղության կանխավարկածի կոպիտ ոտնահարումը»:
Պաշտպանը հայտնեց, որ ներկայացված մեղադրանքի վերաբերյալ Իշխան Բարսեղյանը դեռևս դիրքորոշում չի հայտնել, ցուցմունքներ չի տվել:
Ուշագրավ է, որ վարույթն իրականացնող մարմինը պաշտպանից նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ ստորագրություն է ստացել, այն դեպքում, երբ նախքան քրեական գործի հարուցումը հանրությանը հասանելի էին գործի մանրամասները: Բարսեղյանին կալանավորելու միջնորդության մեջ մանրամասնորեն նկարագրված էին դեպքի հանգամանքներն ու այս գործով անցնող այլ անձանց վերաբերյալ տվյալներ:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում: Դատավորին կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Էլզա Խաչիկյանը: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: