կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-20 15:46
Հասարակություն

Կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, հանկարծամահ է եղել

Կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, հանկարծամահ է եղել

Ցավով տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, հանկարծամահ է եղել:

Նոբելը ծնվել էր Կալինինգրադի կենդանաբանական այգում 2001 թվականի օգոստոսի 25-ին: Մեկ ամսից պիտի լրանար զառամյալ արուի 17 տարին, եթե ծերությունը չսպառեր նրա կենսական ուժերը:

Նոբելը պատկանում էր վագրերի ամուրյան տեսակին: Հայրը Վիլիսն էր, իսկ մայրը՝ Պուրդան: Նրա տոհմային համարն էր 4652-ը:

Վայրի բնության մեջ վագրերն ապրում են միջինում 15 տարի, իսկ անազատության մեջ, բացառիկ դեպքերում, մինչև 25:

Նոբելը Երևանի կենդանաբանական այգի էր եկել 2005 թ.ի մայիսի 9-ին: Ընկերուհու՝ Գերտայի հետ նրանք, Նոբելի մեղքով, այդպես էլ սերունդ չտվեցին:

Կենդանու անկումը գրանցվել է այսօր՝ հուլիսի 20-ին, կեսօրին մոտ: Նրան խնամողը նկատել էր ազատավանդակի տարածքում՝ անշարժ պառկած:

Դին տեղափոխվել է Կենդանաբանական այգու կլինիկա, դիահերձաման արդյունքում արվել է նմուշառում օրգաններից (լյարդ, փայծախ, երիկամ և թոք), որոնք ըստ սահմանված կարգի ուղարկվել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՝ փորձաքննության:

Անկման նախնական պատճառը, ըստ ԵԿԱ կենդանաբույժի, ծերությունն է:

Երևանի կենդանաբանական այգի