կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-30 18:10
Առանց Կատեգորիա

«Կենդանաբանական այգու երախտամոռ առյուծը»

«Կենդանաբանական այգու երախտամոռ առյուծը»

Երեկ Երեւանի կենդանաբանական այգու առյուծը կծել է իրեն կերակրող՝ 35-ամյա Վարդան Գրիգորյանի ձեռքը: Ընդ որում՝ Գրիգորյանը ոչ թե ցանկացել է ձեռքով պատժել առյուծին, ենթադրենք՝  նրա չուտելու կամ վատ ուտելու համար, այլ ուղղակի կատարել է իր պարտականությունը, այն է` ցանկացել է սնունդ տալ կենդանիների թագավորին: Ընդ որում՝ քաղաքացին դա անելիս է եղել ոչ առաջին անգամ, այսինքն՝ առյուծը պետք է որ Վարդանին տեսնելիս պատրաստվեր կծելուն, բայց ոչ թե Վարդանին, այլ այն, ինչ նա կտա իրեն:

Բայց քանի որ այս պատմությունը առյուծների առանձնահատկությունների կամ բնավորության մասին չէ, շարունակենք բոլորովին այլ տեղից: Երեկ Հայաստանի Ազգային ժողովում ոմանք քննադատել են Առաջին հանրապետությունը՝ մոտավորապես ասելով հետեւյալը՝ Առաջին հանրապետությունն իրականում հանրապետություն էլ չէր, հետեւաբար՝ տապալվեց սխալ ղեկավարման արդյունքում: Գուցե այդպես է, համենայն դեպս՝ որպես Առաջին հանրապետության կործանման պատճառ այդ հանրապետության սխալ կառավարումը ներկայացնելը մասնավոր կարծիք է, որը հայտնելու իրավունքը բոլորն ունեն: Սակայն այստեղ մի նրբություն կա. եթե անգամ ընդունենք, որ Առաջին հանրապետության կորուստն այն կառավարողների բազմաթիվ սխալներն էին կամ կառավարման սխալ համակարգը, ապա ո՞ւմ ձեռքբերումն էր այդ նույն Առաջին հանրապետությունը: Հենց ձեռքբերումը, քանի որ դժվար է ասել, թե որտեղ եւ ինչ անելուց կլինեինք մենք այսօր, եթե Առաջին հանրապետությունը չլիներ, թեկուզ այնքան ժամանակ, որքան եղավ:

Իհարկե, սա չի նշանակում, որ մենք ազգովի պետք է շնորհակալություն հայտնենք… նախ Պարագվային, որովհետեւ նրա Սենատը երեկ միաձայն ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, ապա եւ՝ Առաջին հանրապետությունը կերտողներին, որովհետեւ առաջին դեպքում` պարագվայցիները, երկրորդում` դաշնակցականներն արել են այն, ինչը պարտավոր է անել յուրաքանչյուրը, ով մտածում է մարդկության եւ սեփական ժողովրդի արժանապատվության ու ապագայի մասին: Բայց սա նշանակում է, որ ո\'չ այսօրվա պարագվայցիներին, ո\'չ էլ անցյալ դարի սկզբներին ապրող դաշնակցականներին մենք չենք կարող, իրավունք չունենք մեղադրելու մարդկության եւ սեփական ժողովրդի արժանապատվության ու ապագայի մասին չմտածելու մեջ:

Մինչ 1918-ը մենք երբեք հանրապետություն չէինք ունեցել, եւ այն, ինչը ստեղծվեց 1918-ին՝ սարսափելի 1915-ից երեք տարի անց, եւ հաղթանակելով այդ սարսափելի տարվա հասցրած բոլոր հարվածները, մեր Առաջին հանրապետությունն էր: Իսկ թե ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Երեւանի կենդանաբանական այգու երախտամոռ առյուծը, կամ ի՞նչ կապ ունի առյուծը` երախտամոռների հետ՝ մտածելու բան է, իսկ մտածել պետք է, հնարավորության դեպքում` միշտ, եւ պարտադիր` կծելուց առաջ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ