կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-25 12:59
Հասարակություն

Lավ կլինի` կառավարությունն ընդհանրապես դադարեցնի հասարակական խորհուրդների գործունեությունը

Lավ կլինի` կառավարությունն ընդհանրապես դադարեցնի հասարակական խորհուրդների գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը (ՍԱՊԾ) կից գործող հասարակական խորհրդի անդամներ Դոնարա Ալեքսանյանն ու Աննա Դաշտոյանն իրենց դժգոհությունը հայտնեցին, որ ՍԱՊԾ ղեկավարի ընտրության ժամանակ իրենց խորհդի անդամներին չէին հրավիրել:

Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց  խորհրդից ոչ մեկին չեն հրավիրել ՍԱՊԾ ղեկավարի ընտրության համար:  «Դա գաղտնի՞ պահվեց, թե՞ ծանոթ-բարեկամ-ընկերությունով եղավ, չգիտեմ, բայց մեր խորհրդից միայն Բաբկեն Պիպոյանին էին հրավիրել: Ի՞նչ է, մեր խորհրդում միայն Բաբկեն Պիպոյա՞նն է, մենք էլ մեր ասելիքը կարող էինք ունենալ այս հարցում»,- դժգոհեց նա:

Դաշտոյանն էլ նշեց, որ իրենք անձի հետ կապված խնդիր չունեն: «Պետությունում, եթե պաշտոնյան վերահսկվում է, ակամա սկսելու է լավ աշխատե: Այստեղ կա 23 հոգուց բաղկացած հասարակական խորհրդի անդամների ցուցակ, և ոչ ոք գիտելիքներով մյուսից պակաս չէ: Հասարակական խորհուրդը շատ անտեսվեց այս հարցում: Եթե խնդիրներ են լինում, մեզ տարին 2-3 անգամ հավաքում, քննարկումներ էին անում, իսկ եթե հարցը գալիս է գլոբալին, ապա այդ նույն հասարակական խորհրդի կարծիքն անտեսվում է:  Այստեղ է մեր խնդիրը»,- պարզաբանեց նա:

Դաշտոյանի խոսքով` եթե հասարակական խորհուրդը պետք է պահվի, ապա չպետք է անտեսվի, և  աշխատանքը ցուցադրվի այն ժամանակ, երբ դա իրենց է պետք:

Yerkir.am-ի հարցին` ՍԱՊԾ նոր ղեկավար Գեորգի Ավետիսյանի ընտրության հետ կապված դժգոհություններ ունե՞ն, Դաշտոյանն արձագանքեց. «Անձամբ ես դժգոհություն չունեմ: Ես ապրում եմ մի սկզբունքով` եթե ինձ ղեկավարում է խելացի, գրագետ մարդ, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրա ուզածով աշխատեմ: Մենք նախկինում դժգոհում էինք ՍԱՊԾ ղեկավար մարմիններից, որովհետև մենք գիտեինք` ում հովանավորչությամբ են նրանք աշխատում, այսօր այդ հովանավորչությունը չի լինելու: Նրանց պարտադրելու են աշխատել գրագետ: Ինձ թվում է` հաջորդ քայլերը կապացուցեն իմ խոսքերը: Հարցն այն է , որ եթե հասարակական խորհուրդը կա և պետք է գոյատևի, ուրեմն պետք է իր դերում լինի»:

Դաշտոյանը նաև ասաց, որ նախկինում իրենց խորհուրդն ինչ հարց էլ բարձացրել է, դրանք չեն լուծվել: «Եթե չեն զգում հասարակական խորհրդի կարիքը, ապա թող այն ցրեն, լուծարեն և ասեն` մենք ձեր կարիքը  չունենք»,- հավելեց նա:

Ալեքսանյանն էլ հավելեց, որ, իր կարծիքով, ավելի լավ կլինի, որ կառավարությունն ընդհանրապես դադարեցնի հասարակական խորհուրդների գործունեությունը: «Բացարձակ ոչ մի խորհուրդ չի աշխատում: Եթե թույլ չեն տալիս, որ մենք աշխատենք, ապա պետք է փակել խորհուրդները»,- եզրափակեց նա: