Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է խոշտանգում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկը` Լևոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով` պետական լիազոր մարմինները, առանց քննության առնելու անձի` հիվանդություններ ունենալու փաստը, նրան վերցրել են արգելանքի տակ, ինչը միջազգային իրավանորմով դասվում է պետությա կողմից կատարվող անմարդկային ծանր հանցագործությունների շարքը և կոչվում է անձի խոշտանգում: Ըստ փաստաբանի` խոշտագում ասելով` չպետք է հասկանալ միայն քառատելը կամ տանջելը:
«Եթե մարդը հիվանդ է, և այդ հիվանդությունը թույլ չի տալիս նրան կալանք կրել, դա արդեն խոշտանգում է: Իմ պաշտպանյալի մոտ քաղցկեղի ինչ-որ աստիճան կա և շաքարային դիաբետ, դա ուղղակի բավարար է, որ անձը կալանքի հետ կապված ունենա խնդիրներ»,- ասաց նա:
Վկայակոչելով ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներից մեկը` Բաղդասարյանը նշեց, որ եթե անձը հայտարարում է, որ ինքը հիվանդ է, փաստաբանը դրա վերաբերյալ միջնորդություն չի անում, տվյալ լիազոր մարմինը պետք է ճշտի` անձը ճի՞շտ է ասում, թե՞ ոչ: Փաստաբանը հայտնեց, որ իր մյուս գործընկերները դատարանում ներկայացրել են Գրիգորյանի հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի անձին և նրա կատարած ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հանրային արձագանքին` Բաղդասարյանն ասաց, որ այդ կապակցությամբ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաստաբանը հորդորեց վարչապետին` հրապարայակային հանդես գալ և կոչ անել ժողովրդին` դադարեցնել տարաբնույթ հաշվեհարդարների կոչերը Մանվել Գրիգորյանի և նրա մերձավորների նկատմամբ: Բացի այդ` հրապարակայնորեն դիմել իրավապահներին` կատարելու օբյեկտիվ քննություն, և եթե կապացուցվի անձի կամ անձանց մեղքն այդ զազրելի հանցագործության մեջ, պատժել օրենքի ողջ խստությամբ: Բաղդասարյանի հորդորով` վարչապետը պետք է հանձարարի, որպեսզի Մանվել Գրիգորյանի հիվանդությունների վերաբերյալ տան բժշկական օբյեկտիվ եզրակացություն:
Փաստաբանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը զրպարտել է իր պաշտպանյալին: «Հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը: Կոչ եմ անում հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է զրպարտության փաստով դիմեն դատարան` փաստաբանը պատասխանեց. «Ես ակնկալում եմ, որ պարոն վարչապետն իր դիրքորոշումը կհայտնի, իսկ չհայտնելու դեպքում մենք մեր գնահատականը կտանք, ինչո՞ւ չէ, նաև օրենքով սահմանված կարգով կդիմենք դատական պաշտպանության»:
Նա միաժամանակ կոչ արեց վարչապետին` հրապարակային հայտարարել, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններին չահաբեկեն, չվիրավորեն, չնույնացնեն իրենց պաշտպանյալի հետ և այլն: