կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 20:51
Իրավական

ՊՆ զորամասերից մեկում տարիներ շարունակ յուրացրել են պարենամթերք

ՊՆ զորամասերից մեկում տարիներ շարունակ յուրացրել են պարենամթերք

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել N զորամասում սննդի բաշխման գործընթացում. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի ճաշարանի նախկին պետը և ավագ խոհարարը 2009-2016թթ. ընթացքում սննդի բաշխման ժամանակ զորամասի անձնակազմին տրամադրել են սահմանված քանակից քիչ պարենամթերք, իսկ մնացածը՝ հափշտակել:

Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է նաև, որ զինվորների համար նախատեսված մթերքի յուրացման մասին տեղյակ է եղել նաև զորամասի հրամանատարի՝ թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը՝ կոչումով փոխգնդապետ, սակայն ըստ վերադասության չի զեկուցել, չի կազմակերպել համապատասխան ստուգում՝ այդպիսով օժանդակելով նրանց և 2015- 2016թթ. հոկտեմբերը ներառյալ ճաշարանի պետից ստացել պարենամթերք:

Բացի այդ, պարզվել է նաև այն անձի ինքնությունը, ով գումարի դիմաց ձեռք է բերել գողացված պարենամթերքը՝ նախապես իմանալով, որ այն հափշտակվել է զորամասից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. զորամասի ճաշարանի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ճաշարանի նախկին ավագ խոհարարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, փոխգնդապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: