կարևոր
2938 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-25 14:12
Իրավական

Փարաքարի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց․ պաշտպանը քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում

Փարաքարի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց․ պաշտպանը քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել։ Մինասյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Մինասյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կիրառելով գրավը՝ 5 մլն դրամի չափով, բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։ Գրավի գումարն արդեն փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվեհամարին, ըստ այդմ, այսօր Մինասյանն ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրել է մայիսի 22-ին՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը: Հրաժարականից հետո կարճ ժամանակ անց Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կալանավորվել է ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկը։

Ըստ ՔԿ-ի՝ պաշտոնատար անձինք չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա և ապօրինաբար օտարել գույքը։
Դավիթ Մինասյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը, զերծ մնալով մանրամասներ հայտնելուց, միայն նշեց, որ Մինասյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ի դեպ, իրավապահներն ուսումնասիրություններ իրականացրել են դեռևս 2022թ․-ից, սակայն՝ հետապնդում են հարուցել միայն այս փուլում, թե ինչու՝ պաշտպանության կողմը դեռ պատասխան չունի։

«Նշված փաստն իրավապահներին հայտնի է դեռ 2022թ․-ին, քրեական գործ հարուցվել էր, մինչ այս պահը որևէ հանգամանք ի հայտ չգալով՝ նոր են հիշել այդ գործի մասին։ Այդ հարցադրումը բազմիցս հնչեցրել են դատական նիստերի ժամանակ, բայց այդ հարցի պատասխանը մինչև հիմա չունենք, թե ինչու հիմա, անձնավորված էր արդյոք խնդիրը, ում էր պետք։ Մեր գնահատմամբ՝ սուբյեկտիվ մոտեցումներ են»,- ասաց փաստաբանը։

Դավիթ Մինասյանը, նշենք, շարունակում է մնալ ավագանու անդամ, սակայն փաստաբանը նշում է՝ հիմք, նախադրյալներ չկան եզրակացնելու, որ քաղաքական դրդապատճառներ կան։