կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-01 13:12
Հասարակություն

Ազգականին դարձրել է Փաշինյանի ընտրատեղամասի տնօրեն․ թիվ 133 մանկապարտեզի «առեղծվածը» բացահայտվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջապես բացահայտվեց  թիվ 133 մանկապարտեզի առեղծվածը։ Ընտրություններին ընդառաջ` ազգականին մանկապարտեզի տնօրեն նշանակելու, այնտեղ քաղաքական հենարան ունենալու համար Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը, վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի եւ մյուս տեղակալ Համլետ Գրիգորյանի միջնորդությամբ եւ օժանդակությամբ, աշխատանքից ազատում է  2020 թ․-ի Արցախյան պատերազմում անհայտ կորած Հրաչ Ջիլավյանի կնոջը՝ Ժաննա Մանուկյանին (նա 3 անչափահաս երեխաների մայր է)։ Պարզվում է` հիշյալ չինովնիկները, մանկապարտեզի նոր տնօրենի ԺՊ են նշանակել Հովհաննես Ղալեչյանի հորաքրոջը՝ Մարինե Ապրեսյանին։

Սրիկայությունն ու նենգությունն այսքանով չեն սահմանափակվում։ Քիչ առաջ Yerkir.am-ը տեղեկացավ, որ քրեական գործ են հարուցելու Ժաննա Մանուկյանի նկատմամբ, ավելին՝ նրան զանգով հրավիրել են ոստիկանության բաժին` առանց ծանուցում ուղարկելու։

Աղմուկը մանկապարտեզի շուրջ իրականում քաղաքական ենթատեքստ ունի։ Մանկապարտեզը Նիկոլ Փաշինյանի համար օտար վայր չէ, սա նրա ընտրատեղամասն է, առնվազն խայտառակություն կլինի, որ «ժողովրդի վարչապետը» իր իսկ ընտրատեղամասում պարտություն կրի։ Մարդկային առումով տրամաբանական է, որ այս իշխանությունների ժամանակ ամուսնուն կորցրած Ժաննա Մանուկյանը ընտրություններին «Իմ քայլի» համար չէր կարող դառնալ քաղաքական կամակատար։ Հետեւաբար, անհրաժեշտ են խնամի-ծանոթ-բարեկամներ։

Մանկապարտեզի նոր  տնօրենի՝ Մարինե Ապրեսյանի մերձավորները փաստում են, որ նա բացահայտորեն երկրպագում է Փաշինյանին, ավելին` այստեղ-այնտեղ խանդավառությամբ  ասում է՝ «ընտրություններ լինեն, գնամ, ընտրեմ Փաշինյանին»։

Ահաբեկված այն մտքից, որ վաղ, թե ուշ հանրությանը հայտնի կդառնա իր եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի բարեկամական կապի մասին, երեկ, օգտվելով տնօրենի «բարիքներից», Ապրեսյանը հրամայում է կողպել դարպասները լրագրողների առաջ։ Մեր աչքից չվրիպեց նրա անհասկանալի պահվածքը, երբ մանկապարտեզի ամբողջ անձնակազմը ոտքի էր ելել, պայքարում էր ապօրինաբար աշխատանքից ազատված Ժաննա Մանուկյանի համար, իսկ ինքը ոչ միայն դուրս չէր գալիս, այլեւ ջանասիրաբար ներս էր հրավիրում ոստիկաններին։

Զավեշտն այսքանով չի սահմանափակվում։ Վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտարարել է, թե շուտով տնօրենի մրցույթ կլինի, եւ եթե Ժաննա Մանուկյանն ուզում է, թող մասնակցի։ Փաստացի՝ կա՛մ Ռազմիկ Մկրտչյանը ստում է, կա՛մ պատրաստվում էր մրցույթն իրականացնել օրենքի խախտումներով, ապօրինաբար։ Պարզաբանենք։

Թեեւ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում տեղի ունեցած փոփոխությամբ ամրագրվում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղը մրցույթով համալրվելը, սակայն նշվում է նաև, որ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում հայտարարված մրցույթին մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը (օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Խնդիրն այն է, սակայն, որ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, օրենքով նախատեսված վերապատրաստման կարգ դեռևս չի մշակել։ Այս պարագայում վերապատրաստման և հավաստագրման գործընթաց չի կարող լինել, հետևաբար, նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղը մրցութային կարգով չի կարող համալրվել։ Ուստի նշված պաշտոնը, ըստ էության, շարունակելու է մնալ նշանակովի՝ մինչև համապատասխան իրավական կարգի ընդունումը։     

Իսկ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն կարող է լինել այն անձը, որն «ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ» (օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Սա նշանակում է, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ազգականը տնօրենի ժպ կմնա այնքան ժամանակ, որքան իրենք կամենան։

Լիանա Սարգսյան