Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարցն ամենևին էլ կուտակային կենսաթոշակային համակարգը չէ, ոչ էլ նույնիսկ` այդ համակարգի պարտադիր բաղադրիչը, որը, ինչպես նոր եւ երջանիկ Հայաստանի կառավարությունն է որոշել, ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, եւ Հայաստանի հպարտ քաղաքացիներն իրենց աշխատավարձերից պարտադիր փոխանցումներ կանեն կենսաթոշակային հիմնադրամներին: Հարցը սկզբունքայնությունն է կամ անսկզբունքայնությունը:
Օրինակ` եթե կառավարությունը ժողովրդական է, ու եթե մենք ձևավորում ենք սկզբունք, որ այսուհետ Հայաստանում բոլոր կառավարությունները ժողովրդական են լինելու, ուրեմն յուրաքանչյուր ոլորտի ցանկացած նախարար կարող է համաձայն լինել վարչապետի հետ, կարող է` չլինել` անկախ տվյալ հարցի մասշտաբից, կշռից, ազդեցությունից և այլն: Ընդ որում` նախարարը կարող է բարձրաձայնել իր դեմ կարծիքը, կարող է և չբարձրաձայնել` նայած, թե կառավարությունն ինչ սկզբունք է որդեգրում. միմյանց դեմ կարծիքները բարձրաձայնո՞ւմ են, թե՞ ոչ: Հակառակ դեպքում` եթե նախարարն իրավունք չունի հարցի շուրջ իր դեմ կարծիքը հիշեցնել, բարձրաձայնել, ակնարկել, ուրեմն այդ նախարարն աշխատում է ոչ ժողովրդական կառավարությունում: Ես, իհարկե, չեմ պնդի, որ բռնապետական կառավարությունում է աշխատում:
Եվ ուրեմն` քանի դեռ կառավարությունը երկրի լրջագույն խնդիրները չի լուծել եւ այդ ճանապարհին կարեւորագույն որոշումներ չի կայացրել, առաջարկում եմ զբաղվել այս փոքրիկ, նույնիսկ չնչին հարցի լուծմամբ: Ի՞նչ սկզբունքով աշխատել. թույլ տա՞լ նախարարներին ունենալ սեփական կարծիք, բարձրաձայնել այն, չվախենալով, որ դա կարող է կառավարության կամ անձամբ վարչապետի կարծիքին հակառակը լինել, թե՞ արգելել նրանց ոչ միայն բարձրաձայնել իրենց հակընդդեմ կարծիքը, այլեւ նույնիսկ ունենալ այն:
Այս փոքրիկ հարցի լուծումից հետո մեր սառնարանները, անշուշտ, չեն լցվելու, մեր աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանալու, Սփյուռքից մեծ հայրենադարձություն չի գրանցվելու, եւ Ադրբեջանի ծնկները «Հայաստան» ասելիս չեն դողալու, բայց սա կարող է օգնել երկրում սիրո և հպարտության տարածման ու ամրապնդման գործին, հանուն ինչի էլ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ, Արծվիկ Մինասյանն էլ` կրկին նախարար:
Հովիկ Աֆյան