կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-03 17:54
Իրավական

Անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի չնչին նվազում է նկատվել

Անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի չնչին նվազում է նկատվել

2017թ. առաջին 5 ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ կատարված սեռական բռնության 32 դեպք, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7-ով: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը պարբերաբար աշխատանքներ է տանում սեռական ոտնձգություններից զերծ պահելու համար անչափահասների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ Դավիթ Թումասյանի խոսքով էլ՝ 2015 թ. համեմատ, 2016-ին նկատվել է սեռական ոտնձգության ենթարկված անչափահաս տուժողների թվի աճ: Եթե 2015-ին գրանցվել է 76 տուժող երեխա, ապա 2016-ին այդ թիվը կազմել է 115:

Ըստ ՔԿ պաշտոնյայի՝ այդ աճը պայմանավորված է թե' դեպքերի բացահայտման, թե' դիմելության ցուցանիշով: «Այն անձինք, ովքեր սեռական ոտնձգության են ենթարկում երեխաներին, պարտադիր չէ, որ լինեն մանկապիղծ: Երեխաները հաճախ սեռական բռնության զոհ են դառնում` իրենց սոցիալական, հոգեբանական կամ տարիքային առանձնահատկություններից ելնելով, որովհետև երեխային վախեցնելը կամ համոզելը անհամեմատ ավելի հեշտ է, քան չափահաս անձին»,-  ասաց նա:

Թումասյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ երեխաների նկատմամբ հաճախ սեռական բռնություն են կիրառում այն անձինք, որոնց վրա դրված է երեխայի խնամքի, դաստիարակության պարտականությունը: «Երեխան փաստացի գտնվում է կախման մեջ և գիտակցում է այդ անձի՝ հեղինակություն լինելու փաստը և, ելնելով այդ հանգամանքից, վախենում է բարձրաձայնել այդ անձի կողմից իր նկատմամբ կատարված բռնության մասին»,- ասաց նա: