Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի ելույթը դուրս եկավ. ավելի լավ խոսեց, քան ծրագիր էր ներկայացված. ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ ուզում է, ինչպես հաճախ և վերջերս, շատ անկեղծ խոսել: «Պարո'ն վարչապետ, Ձեր ելույթն ավելի լավն էր, քան հարցուպատասխանը, իսկ հարցուպատասխանն ավելի լավն էր, քան ծրագիրը: Ստացա կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել, հակառակ պարագայում՝ բազմաթիվ, գոնե` ոճաբանական խնդիրներ, վստահաբար, լուծված կլինեին: Պարո'ն վարչապետ, ընդդիմություն եղած ժամանակ փայլուն ելույթներ էիք ունենում, վստահ եմ, որ, որպես ընդդիմադիր, կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա այստեղ ինչեր կանեիք, ինչ ելույթներ կունենայիք և ինչ հռետորաբանությամբ վարպետության դասեր կտայիք` այդ ծրագրի հետ կապված: Անկեղծ խոստովանեք, որ մի քիչ մեզ նախանձում եք, որ այսօր մենք այս առիթն ունենք ձեր փոխարեն»,- ասաց Աշոտյանը:
Նա նշեց, որ երբ 1919-ին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետերից մեկին՝ աշխարհահռչակ դաշնակահար Պադերևսկուն, իր նամակում գրել էր. «Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»:
Աշոտյանը նշեց, որ ուզում է խոսել նաև ծրագրի բովանդակության մասին՝ առանց հեգնանքի, ցինիզմի, պաթոսի, ուղղակի խնդիրները նշել: «Շատ լավ ծրագիր է՝ ոչ մի ժամկետ, ոչ մի ցուցիչ, ոչ մի բանով ձեզ չեք պարտավորեցրել, ճիշտ եք արել: Ինչո՞ւ մեզ օգնեք, հետո մենք չափենք՝ լա՞վ եք աշխատել, թե՞ ոչ: Ինչո՞ւ սահմանափակեք Ձեզ որևէ պարտականությամբ, ոնց կստացվի, այդպես էլ այստեղ եզրափակիչ ելույթով հանդես կգաք, երբ մի օր վարչապետի լիազորությունները վայր դնեք: Շատ լավ է ձևակերպված Արցախյան հիմնախնդրի լուծման ձևակերպումը` ոչ ոք ոչինչ չի հասկանում: Մայիսի 9-ի՝ Ձեր արած հայտարարությունները և ներկայացված տեքստը համահունչ չեն, ձեր հարցուպատասխանն ու տեսակետը համահունչ չեն հնչեցված նախորդ երկու տեսակետներին»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ինքն ամենևին էլ չի հեգնում և ամենայն ազնվությամբ խնդրում է նրանց՝ որպես խորհրդարանական դիվանագետների, Արցախյան խնդրի կարգավորման այսօրվա` իշխանական բանաձևը. «Որ մենք, անկախ քաղաքական տարաձայնություններից, այն առաջ տանենք: Բայց հստակ ասեք կամ գոնե ականջիս ասեք, եթե չեք ուզում բարձրաձայն ասել»:
Աշոտյանի խոսքով՝ ծրագրում կա նաև մի վտանգավոր բան, որն անհրաժեշտ է շտկել մինչև քվեարկությունը: Նա նշեց, որ ինքը միշտ գիտեր՝ Արցախյան հակամարտությունը ծագել է, որովհետև Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի և Արցախի վրա, քանի որ Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իր իրավունքը՝ ազատ ապրելու իրավունքը: «Այդպե՞ս է, թե՞ չէ: Կոնֆլիկտը ծագել է Ադրբեջանի պատճառով` հարձակման հետևանքով: Ո՞նց կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է: Խնդրում եմ՝ հանեք այս արտահայտությունը, սրբագրեք, խմբագրեք, չի կարելի այն թողնել: Սա եղբայրական հորդոր է՝ որևէ քաղաքական հեգնանք տակը չկա»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց նաև, որ հրաշալի է՝ Չինաստանը «ձեռքի հետ» մեծ նախագծով ներդրում է անում, նոր ճանապարհ կառուցում, բայց… «Դուք Վրաստանում էիք, մենք միասին էինք. շնորհակալ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությանն այդ ռևերանսն արեցիք: Լսեցի՞ք վրացիների հետաքրքրությունը չինական կոմունիկացիոն նախագծերով, բա մեկ տողով չգրենք, որ մենք էլ ենք հետաքրքրված այդ ծրագրով: Ո՞նց կարելի է Չինաստանին դնել մի տողի մեջ Հնդկաստանի և Ճապոնիայի հետ, երբ այդ ժողովուրդներն աշխարհաքաղաքական` հազարամյակների կոնֆլիկտ ունեն: Վստահաբար, դեսպանները խոշորացույցով նայելու են, գոնե տարանջատեք, այդ մարդիկ իրար հետ երկար ժամանակ է՝ չունեն»,- ասաց Աշոտյանը:
Նա անդրադարձավ նաև կրթական ոլորտին՝ ասելով, որ, բացի թվարկած առաջնահերթություններից, որոնք շարունակություններ են դեռ նախորդ ծրագրերի, պետք է ավելացնել նաև ներառական կրթության խնդիրը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու խնդիրը:
Աշոտյանի խոսքով՝ առանձին քննարկման խնդիր են տնտեսական առաջնահերթությունները: «Փառահեղ է գրված.՝ պարզապես Փաշինյանի` մայիսի 8-ի ելույթից քոփի-փեյսթ են արել տառացիորեն: Սիրելի' նախարարներ, այն, ինչ կարելի է վարչապետին, կներեք, չի կարելի վարչապետի ցլերին՝ հունական ասացվածքով ասած: Ի՞նչ եք պատկերացնում, հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է: Հազար ներողություն, հարգում եմ ձեր կատարած աշխատանքը, ընդունում իշխանափոխության արդյունքները ու չեմ հեգնում՝ կարո՞ղ է Մադամ Տյուսոյի հետ թանգարան բացեք` մոմե արձաններին նվիրված: Չեմ հասկանում՝ Սևանը, Գառնի-Գեղարդը, Դիլիջանն ու Ծաղկաձորը ձեզ ի՞նչ են արել, որ հիմնական տուրիզմի մասը դրել եք բացառապես այս ուղղության վրա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Դիմելով «Ելք»-ին` նա նշեց, որ նրանք ժամանակավոր կառավարություն չեն, ինչքա՞ն կաշխատեն, Աստված և ժողովուրդը գիտի, սակայն վերաբերմունքն աշխատանքի հանդեպ պետք է լինի հավուր պատշաճի: «Ձեր առաքելությունն արտահերթ ընտրությունները չէ, արտահերթ ընտրությունները ձեր քաղաքական շահն են: Մի' աշխատեք այնպես, ասես թե հաջորդ օրը լինելու են արտահերթ ընտրություններ: Դուք պարտավոր եք աշխատել հորիզոնականորեն»,- ասաց Աշոտյանը:
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին` նա ասաց, որ նման ելույթներով ավելի շատ վնաս են տալիս իրենց թիմին, քան օգուտ: Աշոտյանի գնահատականով՝ վերջիվերջո, ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ:
Բացի այդ, ըստ Աշոտյանի, որքան էլ կառավարությունը կազմվել է Փաշինյանի թիմով, այն one man show չէ: «Բարի եղեք, յուրաքանչյուրդ ձեզ վրա վերցրեք պատասխանատվություն և մի' փակեք մեր քննադատության բերանը Փաշինյանի կերպարով: Հասկանում եմ՝ նրան սիրում են, հասկանում եմ՝ հեշտ է թաքնվել Փաշինյանի թիկունքում, երբ նա այդքան մեծ հեղինակություն է վայելում, բայց դուք էլ ձեզ վրա բեռ վերցրեք: 6-րդ էջում գրել եք` ընտրությւոններ, և, կարծես, ավարտվել է ծրագիրը: Այստեղ պարադոքս կա, չընկնեք ձեր թակարդը, եթե աշխատեք այն մտայնությամբ, որ ընտրությւոններն են կարևոր, մնացածը կարևոր չէ, հետո ինքներդ չեք ուզենալու արտահերթ ընտրություններ անել: Հաշվի առեք այդ չելենջը. վարչապետը երկու օտարալեզու մեջբերում արեց, դրա համար ես էլ եմ ինձ թույլ տալիս այդ շռայլությունը»:
Աշոտյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ն երկրի միակ ընդդիմությունն է, և կոչ արեց գնահատել այս քաղաքական ինստիտուտի գոյությունը: «Դուք երանի կտայիք, որ այսպիսի քաղաքական ընդդիմություն ունենայիք երբևէ՝ ինստիտուցիոնալ, գիտակ, մասամբ գուցե մեղավոր ձեր ասած խնդիրների մեջ՝ ձեր գնահատականով: Ձեր ֆանատներին, ձեզ հետևողներին ասեք, որ մենք թշնամի չենք, հակառակորդ չենք, քաղաքական մրցակից ենք, հենվեք մեզ վրա, հիշեք խոսքս՝ այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու»,- ասաց նա:
Աշոտյանի խոսքով՝ վարչապետի կերպարն ընդունված է ընկալել որպես Մահաթմա Գանդիի կերպար, բայց այսօր Փաշինյանը շեղվել էր իր կերպարից՝ Գանդիի փաթեթավորումը կար, բայց Տրոցկու ելևէջներ են ու Կաշպիրովսկու մոգականություն: Աշոտյանը Փաշինյանին կոչ արեց՝ կողմնորոշվել կերպարների հարցում, քանի որ դրանք հակասում են մեկը մյուսին:
Աշոտյանն իր ելույթը եզրափակեց Սոկրատի խոսքով. «Երբ աշակերտներից մեկը մոտեցավ Սոկրատին և ասաց՝ ուսուցի'չ, ուստա', պսակվե՞մ, թե՞ չէ: Ուստան ասաց՝ ամուսնացի'ր: Հարցին, թե` ինչո՞ւ, պատասխանեց. «Բոլոր դեպքերում կշահես. եթե երջանիկ եղար, եթե լավ կնոջ հանդիպեցիր, երջանիկ կլինես, եթե վատ կնոջ հանդիպեցիր, կդառնաս ընդդիմություն: Պարո'ն վարչապետ, երջանկության մասին շատ խոսեցինք, և հույս ունեմ, որ նպատակը որևէ կերպ շաղկապված չէ նաև ձեր խմբակցության որոշ պատգամավորների կողմից հնչեցված մարիխուանայի օրինականացման հեռանկարի հետով: Խնդրում եմ մեր երջանկությանը վերաբերվել շատ լուրջ: Ձեզ հաջողություն եմ մաղթում»: