Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, ոչ չի կարող կատարել Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ. Գեւորգյանի որոշումը և դադարեցնել իր լիազորությունները, քանի որ տվյալ որոշումն իրավական ուժ չունի:
Հիշեցնենք, որ դատախազությունը որոշում էր կայացրել Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալների՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին:
Դավիթ Համբարձումյանը, որպես հիմնավորում, վկայակոչել է գործող օրենդրությունը: «Տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է միայն «համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման» ինստիտուտ (հոդված 26): «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է միայն այն ինստիտուտը, երբ համայնքի նորընտիր ղեկավարը չի ստանձնել իր պարտականությունների կատարումը եւ անհրաժեշտ է նշանակել պարտականությունների ժամանակավոր կատարող` մինչեւ ընտրված ղեկավարի կողմից պարտականությունների ստանձնելը(հոդված 27): Ելնելով վերոգրյալից` պարզ է դառնում, որ պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը կատարելու որեւէ օրենսդրական նորմ եւ ընթացակարգ չի գործում:
Հետեւաբար՝ իմ կողմից ինքնակամ, առանց որեւէ իրավական ակտ կայացնելու պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցումը կհանգեցնի Մասիս քաղաքում տեղական ինքնակառավարման բացակայությանը եւ իրավաբանական քաոսի՝ որեւէ պետական մարմին Հայաստանում նման դեպքում լիազորված չէ նշանակելու քաղաքապետին փոխարինող անձ: Դատախազը իմ` որպես Մասիսի քաղաքապետի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում դադարեցնելու մասին որոշումներ կայացնելիս հիմք է ընդունել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 4-րդ մասը, 152-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը : Հարկ է նշել, որ Մասիսի քաղաքապետարանը չունի իր կառուցվածքում անվանմամբ կառույց, որին կարող են վերահասցեագրվել վերը նշված որոշումները:
ՀՀ քրեական դատավարության 152-րդ հոդվածը կարգավորում է հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հարաբերությունները: Այս հոդվածի համակարգային վերլուծությունից բխում է, որ այն պետք է դիտարկել մինչեւ 23.03.2018թ. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը գործող 26.05.2011թ. «Հանրային ծառայության մասին» օրենքի տրամաբանության շրջանակներում եւ դրա կարգավորումների հետ փոխկապակցված:
Այդ մասին է վկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին» ձեւակերպումը, ինչը նշանակում է, որ այդպիսի որոշում կարող է կայացվել այն հանրային ծառայողի նկատմամբ, որը զբաղեցնում է ոչ թե ընտրովի, այլ նշանակովի պաշտոն, եւ հետեւաբար դրանով է պայմանավորված որոշումը նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին ուղարկելը: Համայնքային քաղաքական պաշտոններ զբաղեցնելու, համապատասխան անձանց լիազորությունները դադարեցնելու կառուցակարգերը սահմանված են բացառապես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է միայն քրեական գործերի վարույթի կարգը (հոդված 1), հետեւաբար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152 հոդվածի պահանջները կարող են իրագործվել՝ կատարվել, միայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում համապատասխան հիմքերի շարքում նշվելուց եւ ի կատար ածման կարգը սահմանվելուց հետո:
Այս միտքը հաստատվում է նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152 հոդվածի 2-րդ մասի տրամաբանական վերլուծությամբ՝ դատախազի որոշումը կիրառելի չէ ուղղակի, այլ միայն միջնորդավորված՝ այլ մարմնի կողմից որոշում կայացնելու եղանակով: Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիներն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Ակնհայտ է, որ ես՝ որպես Մասիսի քաղաքապետ, ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չեմ կատարելու վերը նշված որոշումների պահանջները, մեր կողմից ինքնակամ եղանակով պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը կհանգեցնի ծանր հետեւանքների համայնքի համար, ուստի եւ ես, եւ փոխքաղաքապետը պարտավոր ենք շարունակել մեր պարտականությունների կատարումը՝ օրենքով սահմանված կարգով:
Պատրաստ ենք ժամանակավոր դադարեցնել մեր պաշտոնավարումը՝ տեղական ինքնակառավարման ոլորտում իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա կայացված որոշման առկայության դեպքում»,- ասվում է Համբարձումյանի տարածած հայտարարության մեջ: