Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սևումյանը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշել էր, որ առողջապահության նախարարն ուզում է իրեն աշխատանքից ազատել, սակայն նախարարը որևէ հիմք չունի դրա համար: «Նախարարն առանց պատճառ ներկայացնելու, առանց տնօրենի հետ հանդիպելու, առանց նրան ճանաչելու, առանց նրա հետ խոսելու «ուզում է», որ այդ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում գրի»,- նշել էր Սևումյանը՝ հորդորելով, որ Փաշինյանն ուշադրություն դարձնի նախարարի գործողություններին և հայտարարություններին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ այս խնդրին՝ ասելով, որ բաց նամակների ինստիտուտը լավ բան է՝ հանրությունն իմանում է տարատեսակ խնդիրների մասին, բայց բաց նամակներ տարածողները միշտ չէ, որ ազնիվ մղումներով են դա անում։
Նախարարի խոսքով՝ Սևումյանն ասել էր, որ երկու ամիս է՝ տնօրենի ԺՊ է, բայց չէր նշել, թե այդ ինչպես է ԺՊ դարձել: «Իրականում կառույցի նախկին տնօրենին նախկին իշխանությունները ստիպողաբար հեռացրել են աշխատանքից, այսպես ասած՝ անտանելի են դարձրել նրա աշխատանքը, և նա հեռացել է: Ու Միհրան Սևումյանն այդ անարդարության արդյունքում նշանակվել է տնօրեն։ Ստացվում է՝ անարդարության վերացումն ու արդարության վերականգնումը համարվում է Հայաստանի ժողովրդավարական արժեքների դեմ ոտնձգություն, մարդկանց գործազուրկ դարձնելու գործողություն»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ այնպես է ստացվում, որ պետք է ոչ մի փոփոխություն չանեն, քանի որ բոլորն էլ ընտանիք են պահում: Թորոսյանի խոսքով՝ կադրային փոփոխությունները լինելու են նպատակաուղղված՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Ոչ մի վենդետա չի լինելու։ Եթե վենդետա լիներ, հիմա բոլորը փոխված կլինեին: Ավելին` երբ որոշ մարդիկ հայտարարեցին, թե գնում են առողջապահության նախարարությունից, գնացել են իրենց կամքով, օրինակ` բուժօգնության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, որին ես խնդրել եմ չգնալ, բայց նա, անձնական նկատառումներից ելնելով,որոշեց գնալ: Ամեն դեպքում՝ վենդետաներ չեն լինելու, այլ լինելու են կոնկրետ նպատակաուղղված գործողություններ՝ նախարարության թե' կենտրոնական ապարատի, թե' մնացած ստորաբաժանումների աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու և անարդար որոշումները վերացնելուն ուղղված»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ 20 օր է, ինչ նախարար է և վենդետայի հետ կապված գործողություններ չի արել: Ավելին, ըստ Թորոսյանի, ամեն ինչ անում են շատ կանխամտածված, իսկ փոփոխությունների դեպքում մտածում են՝ ինչպես փոխել, որ գործը չտուժի, քանի որ գործ ունեն հիվանդների և առողջապահության հետ։ «Այսպես ասած՝ կատարում ենք միկրովիրաբուժություն, մեծ վիրաբուժություն չենք անում, որպեսզի համակարգը չտուժի։ Առողջապահության համակարգում պետք են ռադիկալ փոփոխություններ, այդ թվում` ռադիկալ կադրային փոփոխություններ, և սա հերքողը պարզապես չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Նոր Հայաստանի անվան տակ անարդարությունը քողարկելը համարում եմ անթույլատրելի, և բոլորը պետք է այդ մասին իմանան»,-նշեց նախարարը։