Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, արդեն ութերորդ տարին անընդմեջ, Երևանի Կասյան փողոցում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ միասին ծանոթացել է տոնավաճառի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ: Հայաստանի տարբեր մարզերի գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքներն, ի դեպ, տրամադրվել են անվճար, իսկ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումն ապահովել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
«Արդեն 8-րդ տարին անընդմեջ, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, շաբաթ և կիրակի օրերին Կասյան փողոցում կազմակերպում ենք գյուղատնտեսական սեզոնային այս տոնավաճառը, որը կգործի մինչև տարեվերջ: Հենց սկզբից էլ մեր նպատակը եղել է այն, որ հնարավորություն տանք գյուղացիներին իրենց արտադրանքն առանց միջնորդի կարողանան վաճառել մայրաքաղաքում: Բացի այդ, այսպիսով նաև մեր համաքաղաքացիներն են, ըստ էության, հնարավորություն ստացել ու ստանում ավելի մատչելի գներով և հենց արտադրողից գնել գյուղմթերքը: Նաև նշեմ, որ մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում գյուղատնտեսության նախարարության հետ քննարկել մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում սեզոնային այսպիսի տոնավաճառներ կազմակերպելու հնարավորությունները և համապատասխան տարածք հատկացնել այդ նպատակով»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում քաղաքապետարանի կողմից հնարավորություն է տրվել ստեղծել գյուղատնտեսական մինի շուկաներ, ինչի արդյունքում այսօր Երևանում ավելի քան 30 նման շուկաներ են գործում:
Երևանի քաղաքապետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև գնումներ են կատարել: