կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-31 18:37
Քաղաքական

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունը մտահոգիչ է, մանրակրկիտ ուսումնասիրման կարիք կա. Արթուր Խաչատրյան

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունը մտահոգիչ է, մանրակրկիտ ուսումնասիրման կարիք կա. Արթուր Խաչատրյան

ԱԺ-ում քննարկվում է 2017 թվականի բյուջեի կատարողականը: Գյուղատնտեսության նախարարության տարեկան հաշվետվությունը ներկայացրեց նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նշեց, որ գյուղնախարարությանը տրամադրվել է 8.9 մլրդ դրամ, որից բյուջետային ծրագրի համար` 5.7 մլրդ դրամ: Նաև նշեց, որ կառավարության պահուստային ֆոնդից ծրագրերի իրականացման համար ծախսվել է 3.046 մլն դրամ, իսկ վարկային ծրագրերի ֆինանսավորման համար` 103.6 մլն դրամ:

Նախարարի խոսքով` 2017-ը գյուղատնտեսության համար լավ տարի չի եղել, և 3% անկում է գրանցվել, բուսաբուծությունը կրճատվել է 7.2 տոկոսով,  անասնապահության ճյուղում գրանցվել է 2% աճ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի հետ կազմել է 906.7 մլրդ դրամ:

Ապա Խաչատրյանը ներկայացրեց, թե 2017-ին ինչ ծրագրեր է իրականացրել նախարարությունը:

«Սերմերի որակի ստուգման միջոցառումների ծրագրի համար 47.1 մլն դրամ է նախատեսվել բյուջեով, և հարյուր տոկոսով իրականացվել է ծրագիրը: 2017 թվականի ընթացքում ստուգվել է  գյուղատնտեսական մշակաբույսերի 12400 տոննա սերմ: Բույսերի պաշտպանության միջոցառումներ ծրագրով հաստատվել էր 84.7 մլն դրամ: Ծրագրի նպատակն էր հանրապետությունում բուժասանիտարական կայուն վիճակի ապահումը»,- ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրով հաստատվել էր 1 մլրդ 50 մլն դրամ, այստեղ տնտեսվել է 49.1 մլն դրամ:

«Ունեցել ենք գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների  սուբսիդավորում: Ծրագրով հաստատվել է 1 մլրդ 163 մլն դրամ, օգտագործվել է 1 մլրդ 27 մլն դրամ: 2017 թվականի 4-րդ եռամսյակում տրամադրվել է 913 միավոր վարկ` 4 մլրդ 241.6 մլն դրամ գումարով: Մեկ վարկի միջին չափը կազմել է  4.65 մլն դրամ»,- ասաց նա:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հարցեր ուներ նախարարին: Նա նախ հիշեցրեց, որ հաշվեքննիչ պալատը նախարարության մի քանի ծրագրերի արդյունավետությունը կասկածի տակ է առել: «Օրինակ` 2017-ին նախարարության կողմից սխալ պլանավորման արդյունքում ձեռք է բերվել սերմացու, որի ընդամենը 41%-ն է իրացվել, այսինքն` 59 %-ը, որը կազմում է 346 մլն 216 հազար դրամ արժեք, չի օգտագործվել»,- ասաց պատգամավորը:

Կյուրեղյանը նաև ասաց, որ ԳԱՄԿ-երը և ԾԻԳ-երը վերամիավորվել են 2017 թվականի ընթացքում հիմնադրամի ներսում և այդ նույն հաշվետվության մեջ խոսվում է ԳԱՄԿ-երի մասով ծախսերի հաստիքացուցակի խնայողության արդյունավետության վերաբերյալ: Պատգամավորը հետաքրքրվեց. «ԳԱՄԿ-երի գործունեության շարունակելիության արդյունավետությունը վերագնահատելու խնդիր կա՞, թե՞ ոչ»:

Կյուրեղյանը նաև հարցրեց, թե գյուղմթերքի արտահանման ի՞նչ ծավալներ են  գրանցվել 2017 թվականին, և ի՞նչ կանխատեսումներ կան 2018 թվականի համար:

Նախարարը պատասխանեց, որ այս տարի արդեն արտահանվել է 48 հազար տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա 27 հազարի դիմաց: «Հույս ունենք, որ գյուղատնտեսության բնագավառում այս տարի աճ կգրանցենք: Մեր ապրանքի 90 տոկոսը արտահանվում է ՌԴ: Ինքս խոսել եմ նրանց նորանշանակ նախարարի հետ, որպեսզի կարողանանք մեր մթերքները սահուն կերպով իրացնել ռուսական շուկայում: Մեր մթերքի հետ կապված խնդիրներ են եղել, օրինակ` լոլիկի հետ կապված, լուծում ենք խնդիրները, որպեսզի չխոչընդոտենք արտահանմանը և գյուղատնտեսությունը կոլապսի առաջ չկանգնեցնենք»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարն ընդգծեց, որ կոոպերատիվների ամբողջ գործունեությունը վերանայելու կարիք կա: «Պետք է կոոպերացիան լինի ոչ միայն արտադրության բնագավառում, այլ նաև սպառման բնագավառում: Այստեղ նա կմիավորի արտադրողներին, նրանց բանակցային ուժը կմեծացնի, և գյուղարտադրողները կկարողանան իրենց համար ավելի բարվոք պայմաններ ստանալ` թե' արտահանողների, թե' վերամշակողների հետ իրենց բանակցություններում»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի` այն, որ կոոպերատիվների կայացումը նախարարության առաջնահերթություններից է, դա անվիճելի փաստ է: Նրա խոսքով` պետք է ամբողջ շղթան փակել և օգնել, որ կոոպերատիվներն  ինտեգրվեն ամբողջ արժեշղթային:

Ինչ վերաբերում է ԳԱՄԿ-երի և ԾԻԳ-երի ու Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ կապված` Վերահսկիչ պալատի ուսումնասիրությանը` Խաչատրյանն ասաց, որ խիստ կարևորում են այն:  «Ունենք վարչապետի հանձնարակականը` ուսումնասիրել հիմնադրամի գործունեությունը: Չէի ցանկանա այսօր որոշակի հստակ պատասխան տալ, բայց այն, որ ստացված ազդակները մտահոգիչ են և մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն, անժխտելի է: Որոշակի խնդիրներ կան թե' մոտեցումների և թե' արդյունավետության հետ կապված»,- ասաց նախարարը: