Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
1918 թվականի մայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկվել է բռնությունների ու կոտորածների, անցել է բազում փորձությունների միջով, քանի որ չուներ պետականություն, ապրում էր օտարի լծի տակ:
Եվ չնայած Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց կարճ ժամանակահատված, այնուամենայնիվ, նշանակալի է նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում քաջ հայորդիների սխրանքն ապացուցեց, որ հայը կարող է խուսափել կոտորածից, երբ հավատում է սեփական ուժերին, երբ զենք է վերցնում եւ պաշտպանում սեփական հողը, երբ միասնական է ու հաստատակամ:
Մայր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, միշտ վառ պահելով 1918-ի հերոսամարտերի ոգին, շարունակում են համատեղ ջանքերով պաշտպանել, զորացնել ու զարգացնել հայկական երկու հանրապետությունները, որպեսզի շենանա հայկական հողը եւ հայ ժողովրդի ապագան լինի հուսալի ու պայծառ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս պետական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»: