կարևոր
3817 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-18 16:45
Հասարակություն

Թուրքական հերթական խեղկատակությունը․ «Պատվո հուշարձան» կանգնեցնելու պահանջ «հայերի իրականացրած կոտորածից փախածների» հիշատակին

Թուրքական հերթական խեղկատակությունը․ «Պատվո հուշարձան» կանգնեցնելու պահանջ «հայերի իրականացրած կոտորածից փախածների» հիշատակին

Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությանը վերջին տարիներին էլ ավելի փարված թուրքական պետությունը շարունակում է հերյուրանքներ տարածել, որոնք ոչ միայն զուրկ են որևէ պատմական փաստական հենքից, այլ նաև՝ Թուրքիայում տիրող հակահայկական տրամադրությունները սաստկացնելու նպատակ ունեն։

Այսպես, թուրքական ազգայնամոլական պարբերականներից «Յենի Չաղ» օրաթերթի երեկվա համարում հրապարակված լուրի համաձայն՝ Վանի «Քյուրեսյուննի Չեփնի ցեղի» միությունը շուտով դիմելու է Վանի նահանգապետարան՝ պահանջելով հուշարձան կանգնեցնել 1915 թ․ իբրև թե «հայերի կողմից կատարված կտտանքների և բռնաբարությունների փոխարեն մահը նախընտրած թուրք կանանց և երեխաների պատվին»։

Akunq.net-ի փոխանցմամբ՝ հիշյալ միության նախագահ Բիլալ Յուջեբաշի և այլ թուրք ազգայնամոլների գլխավորությամբ, ինչու չէ նաև՝ ադրբեջանական ազգայնական ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ադրբեջանի կին մարտիկների միության՝ Թուրքիայի ներկայացուցիչ Զյուլֆիյե Գյունեշի մասնակցությամբ 2024 թ․ հունվարի 20-ին մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու՝ «Վանում 1915 թ․ հայերի կոտորածի ժամանակ սպանվածների և բռնաբարության սպառնալիքի տակ գտնվող կանանց հիշատակին, ովքեր իբրև թե նախընտրել են իրենց ջուրը նետել Աղթամար կղզու մոտակայքում, որպեսզի փրկեն իրենց պատիվը»։

Սույն միջոցառումների կազմակերպիչները նաև Վանի նահանգապետարանից պահանջելու են «Պատվո հուշարձան» կանգնեցնել «հայերի կողմից բռնաբարվելու կամ տառապանքներ կրելու փոխարեն մահը նախընտրած թուրք կանանց և երեխաների պատվին»։

Թուրքական զավեշտներից մեկն էլ վերաբերում է ընտրված տեղանքին․ բնականաբար պատահականություն չէ, որ ընտրվել է հենց Վանի Աղթամար կղզին, որտեղ գտնվում է Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, որը թեև գործում է թանգարանի կարգավիճակի տակ, այնուամենայնիվ համայն հայության ուխտավայրերից մեկն է ներկայում․․․

Արդ, այս խեղկատակության հեղինակները որոշել են միջոցառումներն սկսել են հենց Աղթամար կղզու մոտակայքից։ Միջոցառումների շրջանակներում նախատեսվում է նաև մամուլի համար ելույթներ և հայտարարության հրապարակում։

Ի դեպ, «Քյուրեսյուննի Չեփնի ցեղը», որի անունով կոչվում է վերոնշյալ միությունը, ներկայացվում է իբրև «Արևելյան Անատոլիայում և Կովկասում ապրող, սուննի մուսուլման թուրք-ադրբեջանական մի ցեղ»։

Այսպիսով՝ այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը խոսում է «տարածաշրջանային խաղաղության» քամիների մասին, թուրք-ադրբեջանական տանդեմը բոլոր ճակատներում շարունակում է իր հակահայկական քարոզչությունն ու քաղաքականությունը՝ թիրախավորելով և անուղղակիորեն սպառնալով ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև՝ Արևմտյան Հայաստանի հայությանը․․․

Մելինե Անումյան

Akunq.net