կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-10 11:10
Արցախ

Ձեռք բերեցինք մի զգացողություն, որ նոր պատերազմից կարելի է խուսափել. Բակո Սահակյան

Ձեռք բերեցինք մի զգացողություն, որ նոր պատերազմից կարելի է խուսափել. Բակո Սահակյան

Իտալական IL GIORNO թերթում դեկտեմբերի 8-ին լույս է տեսել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը, որը ներկայացնում ենք թարգմանաբար։

 

– Պարոն նախագահ, ի՞նչ ազդեցություն ունի ադրբեջանական նավթն ու գազը բանակցությունների վրա:


– Նավթը և գազը ունեն ազդեցություն աշխարհաքաղաքականության վրա և Ադրբեջանը բացառություն չէ: Բայց պետք է ընդգծեմ մի կարևոր հանգամանք. որքան շատ է Ադրբեջանը արտահանում ածխաջրածիններ, այդքան կարծրանում է նրա տրամադրվածությունը բանակցությունների հանդեպ: Կա մի մշտական զուգահեռ ածխաջրածինների արտահանման պայմանագրերի և հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանի կողմից անհրաժեշտ փոխզիջումների գնալու ցանկության միջև: Առաջին ազդանշանն էր 1997թ., երբ առաջին նավթային ծրագրի ստորագրումից հետո Ադրբեջանը հրաժարվեց բանակցել մեզ հետ: Եվ այս զուգահեռը շարունակվում է:


– Ինչո՞ւ:   


– Նավթից ստացվող բարձր եկամուտների շնորհիվ, վերջին 10 տարիների ընթացքում, ադրբեջանական ռազմական ծախսերը ավելացել են 2500 տոկոսով: Բայց ես կարծում եմ, որ նավթը և ռազմական ծախսերը ոչինչ են, երբ պայքար ենք մղում ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար: Ավելին, ածխաջրածինների արտահանման եկամուտներից Ադրբեջանի կառավարությունը կարող էր ունենալ մի սքանչելի հնարավորություն և զարգացնել սոցիալական քաղաքականությունը, լինել առաջադեմ, այլ ոչ թե դառնար Եվրասիական մայրցամաքի ամենաազատասպան ռեժիմներից մեկը, որը ճնշելով ազատ մամուլի ձայնը՝ տարածում է հակահայկական ռազմատենչ քարոզչություն:


– Ինչո՞ւ ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում:


– Իրավացի եք, անշուշտ կարող են ավելին անել: Հարկավոր է նշել, որ ավելի քան երկու տասնամյակ է, ինչ շարունակվում են ադրբեջանական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի մեկուսացմանը և միջազգային կազմակերպությունների ուշադրության նվազեցմանը:  Իհարկե, սա մարդու իրավունքների խախտումների և Ադրբեջանի ճնշումների շարունակություն էր, որոնց ենթակա էինք ԽՍՀՄ ժամանակ: Ադրբեջանի յուրաքանչյուր քայլն այս ուղղությամբ մի կողմից ցույց է տալիս ամբողջ աշխարհին մեր պայքարի լեգիտիմ պատճառները, մյուս կողմից ամրապնդում է մեր վճռականությունը՝ հաստատուն քայլերով շարժվել դեպի մեր պետության կառուցումը:


Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, մեր հանրապետության անկախության և մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի գործընթացին, ցավոք, ականատես ենք երկակի չափանիշների: Կոսովոյի և Հարավային Սուդանի ճանաչումը դրա վառ օրինակներն են: Ամեն դեպքում մենք չենք հուսահատվում: Մեր պետականությունը հիմնադրվեց այն պահին, երբ աշխարհի ամենակարևոր ժողովրդավարական համակարգերի նման, մենք էլ պատասխանեցինք հակառակորդի ոտնձգություններին` իրականացնելով մեր ապստամբելու և ինքնորոշման իրավունքը: Մեզ պարտադրեցին անհավասար պատերազմ, բայց չնայած ամեն ինչի, մենք հաղթանակեցինք: Կար արժեհամակարգային անհամաչափություն: Մենք մարտնչում էինք մեր օրրանների և մեր հիմնարար իրավունքների պաշտպանության համար, իսկ ադրբեջանցիները զբաղված էին տարածքային ներխուժմամբ:


– Ինչպիսի՞ն են հարաբերությունները Հայաստանի հետ:


– Գիտեք, ցեղասպանություն վերապրած հայոց սփյուռքը Հայաստանի և Արցախի մեջ տեսնում է իր հայրենիքը: Արցախի, Հայաստանի և հայկական սփյուռքի միջև ինքնության առումով կան, մի տեսակ, սիմբիոտիկ հարաբերություններ: Սա չի ազդում մեր դե ֆակտո անկախության և մեր հանրապետության դե յուրե ճանաչմանը հասնելու վճռականության վրա:


– Հակամարտության մեջ կա՞ր կրոնական բաղադրիչ:


– Ոչ, պատճառները  համամարդկային էին հիմնարար իրավունքների տեսանկյունից: Սակայն պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կար կրոնական շահարկում, երբ ադրբեջանական ճակատը բաղկացած էր չեչեն ջիհադիստներից և աֆղան վարձկաններից:


– Լեռնային Ղարաբաղը դեռ ճանաչված չէ։ Ինչպիսի՞ն է լինել մի երկրի նախագահ, որը դե յուրե գոյություն չունի։


–Ես ինձ «թերի» նախագահ չեմ զգում, քաղաքացիները ընտրել են ինձ և մենք պայքարում ենք մեր ժողովրդի ազատության համար: Երեկ մենք նահանջելու տեղ չունեինք խրամատներում` պաշտպանելով մեր գյուղերը, այսօր` մեր ժողովրդավարական համակարգի ամրապնդման գործում:  Ես շատ վճռական եմ տրամադրված:


– Սխալներ կայ՞ին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ:


– Բոլոր պատերազմները ողբերգություններ են: Ես կիսում եմ ամեն մի անհատի, թե՛ մի կողմի, թե՛ մյուս, մահվան ցավը: Պատերազմը մեզ պարտադրվեց, մենք հաղթեցինք և ձեռք բերեցինք մի զգայունություն. նոր պատերազմից կարելի է խուսափել: Ակնհայտ է, որ Բաքվին պակասում է այս զգայությունը և որոշ դասեր մոռացվել են:

 

Թարգմանությունը՝ Tert.am

Շարունակությունը՝ Tert.am-ում: