կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 10:54
Քաղաքական

ԱԺ նորընտիր պատգամավորները երդվեցին

ԱԺ նորընտիր պատգամավորները երդվեցին

 Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նորընտիր պատգամավորներին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նորընտիր պատգամավորներին հերթով ամբիոնի մոտ հրավիրեց՝ երդվելու համար: Պատգամավորներն ընթերցեցին հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման և բարգավաճման երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»:

Պատգամավորի պարտականությունները երդմամբ ստանձեցին «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը, Հայկ Կոնջորյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը ստանձնել են համապատասխանաբար վարչապետի, փոխվարչապետի և նախարարների պաշտոններ: ՀՅԴ-ից Ռուզաննա Առաքելյանը ստացել է մանդատ Աղվան Վարդանյանի` մանդատը վայր դնելու համար, իսկ ՀՀԿ-ից Հակոբ Հակոբյանը /Պիվի Հակոբ/` Գրիգոր Ավալյանի մանդատը վայր դնելու համար: