| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ծառայողական մեքենաների կրճատման հարցին: Նա նշեց, որ պետական կառավարման համակարգում ծառայողական մեքենաների շատ մեծ ընդգրկվածություն կա, ապա հանձնարարեց առաջին փոխվարչապետին` լուրջ գույքագրում իրականացնել ծառայողական մեքենաների մասով` հասկանալու, թե ինչ կրճատումներ կարող են իրականացնել հաջորդիվ:
«Վերջին մեկ տարում արդեն իսկ կրճատումներ եղել են, և պետք է հասկանալ, թե ծառայողական մեքենաների ինստիտուտն ինչ ծավալով պետք է գործի: Ես տեղյակ եմ, որ ժամանակակից աշխարհում կան նաև այլ լուծումներ, մասնավորապես` մասնավոր ընկերություններից որոշակի ծառայություններ ստանալը` նպատակային կոնկրետ գործուղումների կամ կոնկրետ տրանսպորտային կարիքները լուծելու համար: Իհարկե, սա հաշվարկի հարց է, թե որ պարագայում ինչ կարժենա պետբյուջեի համար»,- ասաց նա:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հավելեց, որ ուսումնասիրել է այդ խնդիրը, հանրությանն էլ հուզում է այդ հարցը, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, և դա պետբյուջեի վատնում է:
«Ուզում եմ նշել, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված էր հինգ մեքենա: Բնականաբար, մենք հրաժարվել ենք 3-ից, 2-ի նպատակահարմարությունը դեռ պետք է քննարկենք: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին տրամադրված էր 4 մեքենա, նա հրաժարվել է 2-ից: Ես առաջարկում եմ բոլոր նախարարներին` վերանայել իրենց տրամադրության տակ եղած ծառայողական մեքենաների պարկը»,- ասաց Արարատ Միրզոյանը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հավելեց. «Ուսումնասիրվել ենք այս հարցը: Ուշադրություն եմ ուզում հրավիրել նաև գործուղումների հարցին, քանի որ դրանք երբեմն վերածվում են տուրիստական շրջագայությունների»: