Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից հետո, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ վիրավոր զինծառայողների առողջական վիճակին ու արտերկրում բուժում ստանալու խնդիրներին: Նախարարը վստահեցրեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայ բժիշկները բարձր արհեստավարժություն և մարդկային ջերմություն ցուցաբերեցին վիրավոր զինծառայողների նկատմամբ։ Առանձնահատուկ ուշադրություն են ստացել ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղաները։
«Ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողների ծնողներին, ասեմ, որ ամեն օր նրանց հետ հանդիպում եմ ունեցել։ Նրանք արտահայտել են իրենց տեսակետները, որոնցում, չեմ թաքցնում, հուզական կոմպոնենտ կա։ Նրանք էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որոնք նրանք տեսնում են արտերկրում»,- ասաց նախարարը։
Արմեն Մուրադյանի խոսքով` ծնողներից միայն երկուսն են պնդում, որ իրենց որդիներին տեղափոխեն արտերկիր` բուժման, և իհարկե, նախարարության պարտքն է աջակցել այդ գործընթացին, սակայն պետք է մանրակրկիտ ուսումնասիրել` արդյո՞ք նրանց առողջական վիճակը թույլ է տալիս մի երկրից մյուսը տեղափոխվել, արդյո՞ք ջերմություն ու պառկելախոց ունեցող տղաներին հնարավոր է տեղափոխել, երբ երկուսն էլ թթվածնային կախվածություն ունեն:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ զինծառայողներից երկուսն արդեն դուրս են եկել ծայրահեղ ծանր վիճակից, նրանց կտեղափոխեն վերականգնողական կենտրոն, և կսկսվի բուժման գործընթացը։ Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է մեկ զինծառայող։