Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր անուններ, նոր հնարավորություններ, նոր տեխնոլոգիաներ. վերջին տարիներին աշխարհը հեղափոխած վիրտուալ արժույթներն արագորեն մուտք են գործում Հայաստան և նույն տեմպերով «հոսում» երկրից դուրս:
Ի՞նչ է կրիպտոարժույթը, ի՞նչ մոտեցումներ ունեն դրա նկատմամբ աշխարհի առաջատար ԿԲ-ները, որքանո՞վ է այն տարածված Հայաստանում, ի՞նչ դեր կարող են ունենալ «կրիպտոակտիվների» ստեղծումն ու արդյունահանումը մեր երկրում, որքանո՞վ են վստահելի կամ ռիսկային վիրտուալ արժույթով իրականացվող գործարքները, և, ի վերջո, ինչպե՞ս վերահսկել անտեսանելին: Այս և այլ հարցերի պատասխանը գտնելու համար Yerkir.am-ն ուսումնասիրել է կրիպտոարժույթների վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև խնդրի շուրջ զրուցել ոլորտին քաջածանոթ տնտեսագետների հետ:
Բիթքոին. աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթը
Կրիպտոարժույթը բազմանիշ և չկրկնվող նիշերի տող է: Այն, ի տարբերություն մեզ ծանոթ շոշափելի արժույթների (դոլար, եվրո, դրամ), կախված չէ արժույթի թողարկմամբ զբաղվող որևէ կառույցից (Կենտրոնական բանկ): Ներկայումս շուկայում կան կրիպտոարժույթի բազմաթիվ տեսակներ (օրինակ՝ բիթքոին, էթերիում և այլն):
Կրիպտոարժույթներով իրակացվող գործարքների հիմքում դրված է տվյալ էլեկտրոնային համակարգի կամ սպառողի անհատական վստահությունը: Այսինքն՝ գործարքներն իրականացվում են «ջենթլմենի խոսքի» սկզբունքով: Բիթքոինն աշխարհում ամենատարածված թվային արժույթն է, որին բաժին է ընկնում կրիպտոարժույթների շուկայի 40.33%-ը: Հայտնի չէ, թե կոնկրետ ով և ինչպես է ստեղծել այն: Հայտնի է միայն, որ բիթքոինն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել Սատոշի Նակամոտո կեղծանվան տակ հանդես եկող անձի կամ անձանց խմբի կողմից:
Բիթքոին ստեղծելու համար անհրաժեշտ է բարդ հաշվարկներ կատարել՝ օգտագործելով համապատասխան ծրագրային ապահովում և սարքավորումներ: Բիթքոին հնարավոր է ձեռք բերել նաև սովորական արժույթի դիմաց` դրամապանակային ծրագրի (wallet software) կամ առցանց դրամապանակի (online wallet) միջոցով: Բիթքոինով կատարված գործարքները գրանցվում են հատուկ համակարգում, որում բոլոր գործարքները թափանցիկ են: Գործարքները գրանցվում են հազարավոր համակարգիչներում, հետևաբար` դրանք կեղծելը գրեթե անհնար է: Հնարավոր չէ նույն բիթքոինը երկու անգամ ծախսել: Բիթքոինի փոխարժեքը տատանվում է ժամանակ առ ժամանակ:
Ուշագրավ է, որ բիթքոինով գործարքների 46%-ն իրականացնում են 25-34 տարեկան երիտասարդներ:
Այսօր աշխարհում արագորեն ստեղծվում են նոր կրիպտոարժույթներ` նոր հնարավորություններով, նոր անուններով և նոր արժեքներով:
Բիթքոինի շուկայի ընթացիկ վիճակը
Եթե 2010թ. օգոստոսի 17-ին մեկ բիթքոինը վաճառվում էր 0.074 ԱՄՆ դոլարով, ապա 2018-ի ամենաթարմ տվյալներով` մեկ բիթքոինը վաճառվում է 9101 ԱՄՆ դոլարով: Բիթքոինն իր առավելագույն արժեքին հասել է 2017թ. դեկտեմբերի 16-ին` 19 290 ԱՄՆ դոլար:
Բիթքոինի շուկայական կապիտալիզացիան կազմում է 141.8 մլրդ ԱՄՆ դոլար: Օրական գործարքների ծավալը առավելագույնը կազմում է 4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2018թ. մայիսի 9-ի տվյալներով՝ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, որն իրականացվել է 208 961 գործարքի միջոցով:
Ֆինանսական փուչի՞կ, թե՞ ՏՏ ոլորտի հեղափոխություն
Միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ինչպես նաև ֆինանսական ոլորտը կարգավորող այլ հեղինակավոր կառույցներ պնդում են, որ բիթքոինը կարող է ազդել նաև ֆինանսական կայունության վրա։ Որոշ կառույցներ էլ կրիպտոակտիվներով ներդրումները համեմատում են ֆինանսական բուրգերի հետ` նշելով, որ ներդրողների իրավունքները ոչնչով ապահովված չեն, և նրանք կարող են ամբողջությամբ կորցնել իրենց ներդրումները:
Ներկայացնում ենք բիթքոինի նկատմամբ աշխարհի առաջատար Կենտրոնական բանկերի մոտեցումները:
ԱՄՆ
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ներկայացուցիչների կարծիքով` բիթքոինի ծավալներն այնքան մեծ չեն, որ ազդեն դրամավարկային քաղաքականության վրա, սակայն նրանք նշել են մի քանի մտահոգություններ, որոնք առնչվում են բիթքոինին: Դրանք են` կրիպտոարժույթի մեծ տատանողականությունը, հաճախորդի նույնականացման հետ կապված հիմնախնդիրները, ռիսկերի կառավարման ու կարգավորման բարդությունները:
Շվեյցարիա
Շվեյցարիայի ազգային բանկի ղեկավարի կարծիքով` բիթքոինը կարող է դառնալ լուրջ հիվանդություն ֆինանսական համակարգի համար: Միևնույն ժամանակ, նրանց դիտարկումները ցույց են տալիս, որ թվային արժույթի կառավարման դեպքում ընթացիկ դրամավարկային քաղաքականությունը ոչ մի բանով չի շահի:
Եվրոպա
Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի կարծիքով` բիթքոինի համար կիրառվող բլոկչեյնի մեխանիզմը բավական խոստումնալից է, և իրենք ցանկություն ունեն դա փոխառելու և կիրառելու: Իսկ ինչ վերաբերում է բիթքոինին, ապա, նրանց կարծիքով, բիթքոինը հիշեցնում է 17-րդ դարում Հոլանդիայում կակաչների ֆինանսական փուչիկը, և այն մոտ ապագայում պայթելու է:
Չինաստան
Չինաստանի Կենտրոնական բանկի ղեկավարները դրական են վերաբերվում կրիպտոարժույթներին: Նրանք մշակել են այդ արժույթների կառավարման իրենց համակարգը, սակայն դեռևս չեն ասել, թե երբ են պատրաստվում թողարկել իրենց սեփական կրիպտոարժույթները:
Ճապոնիա
Ճապոնիայի Կենտրոնական բանկի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց երկրում որոշիչը կանխիկ փողն է, և որևէ պահանջարկ բիթքոինի մասով չկա: Նրանց գնահատմամբ` բիթքոինը սպեկուլյատիվ առևտրի հերթական գործիքն է:
Գերմանիա
Գերմանիայում բնակչության կողմից կատարվող առևտրի ծավալների կեսից ավելին իրականացվում է կանխիկով: Գերմանիայի բունդեսբանկի ղեկավարի կարծիքով` կայուն դրամավարկային քաղաքականություն ապահովելու համար իրենք կրիպտոարժույթներ թողարկելու կարիք չունեն: Բիթքոինը մրցակից չէ կանխիկ փողին: Բայց, միևնույն ժամանակ, Գերմանիայում չեն բացառում նաև կրիպտոարժույթների կիրառման հնարավորությունը:
Անգլիա
Անգլիայի Կենտրոնական բանկի ղեկավարի կարծիքով` բիթքոինը հեղափոխություն է ֆինանսների ոլորտում, որը կարող է մեծ վնաս հասցնել ամբողջ ֆինանսականհ համակարգին:
Ֆրանսիա
Ֆրանսիայի ԿԲ նախագահի կարծիքով` բիթքոինը ո'չ արժույթ է, ո'չ էլ կրիպտոարժույթ, այն պարզապես սպեկուլյատիվ ակտիվ է:
Հնդկաստան
Հնդկաստանի վարչապետ Մոդիի առաջարկով` Հնդկաստանի կառավարությունը բլոկչեյն տեխնոլոգիան պետք է կիրառի ֆինանսական համակարգում, սակայն բիթքոինը պետք է արգելվի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերից ելնելով:
Սինգապուր
Սինգապուրի ու Բրազիլիայի Կենտրոնական բանկերը թույլատրել են բիթքոինով ազատ գործարքները: Այդ երկրների ԿԲ ղեկավարների կարծիքով` բիթքոինը մեծ վտանգ չի ներկայացնում իրենց երկրների համար:
Ռուսաստան
Ռուսաստանի ԿԲ ղեկավար Նաբիուլինայի խոսքով` իրենք բիթքոինը դիտարկում են որպես ֆինանսական բուրգ, որն ունի պոտենցիալ ռիսկեր: ՌԴ-ում դեմ են ցանկացած ֆորմատով կանխիկ կամ վիրտուալ փողին, եթե այն պետական չէ: Փողը չի կարող լինել մասնավոր. այդպիսի գնահատական է տվել Նաբիուլինան:
Բիթքոինն ու Հայաստանը
Եթե մեկ-երկու տարի առաջ Հայաստանում կրիպտոարժույթներով հետաքրքրված էին հիմնականում ֆինանսական ոլորտի մասնագետները, ապա այսօր դրա մասին գիտեն շատերը: Բիթքոինի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ կարելի է գտնել հայաստանյան լրատվական դաշտում և համացանցում: Բիթքոինը հանդիպում է նաև վիրտուալ տիրույթից դուրս` փողոցում` երևանյան գովազդային վահանակների վրա:
Հայաստանում այսօր արդեն իսկ գործում են կրիպտոարժույթի վաճառքի մի շարք կազմակերպություններ և անհատներ: Սակայն հարկ է նշել, որ, ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում նույնպես բացակայում է կրիպտոարժույթների ստեղծման կամ արդյունահանման վերաբերյալ թվային պատկերը: Չկա նաև ցուցանիշ, թե Հայաստանում քանի՞ տնտեսվարող սուբյեկտ է «կրիպտոարժույթներով» գործարքներ իրականացնում:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով` նման ցուցանիշի մասին հնարավոր է պատկերացում կազմել, եթե ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն իր հաշվետվություններում ներառի կրիպտոարժույթների վերաբերյալ առանձին տվյալներ: Սակայն հարկ է նշել, որ մեր հարկային և արժութային օրենսդրությամբ նախատեսված չեն կրիպտոարժույթով վճարումները կարգավորող դրույթներ: Հետևաբար` Հայաստանում վիրտուալ արժույթի ստեղծման կամ արդյունահանման հնարավոր շարժի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության մասին առայժմ վաղ է խոսելը:
Օնլայն առևտրին համընթաց
Սուրեն Պարսյանի խոսքով` կրիպտոակտիվների առաջացման գործընթացն ուղղակի կախված է ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ՏՏ ոլորտի զարգացման միտումներից: Արդեն երկար ժամանակ է` գործում են էլեկտրոնային առևտրի բազմաթիվ հարթակներ և վճարման համակարգեր: Ըստ տնտեսագետի` այս համատեքստում տրամաբանական պահանջ է էլեկտրոնային վճարման միջոցի կամ միավորի ստեղծումը:
«Ներկայումս օնլայն առևտուրը լուրջ մրցակցություն է ավանդական առևտրային ցանցերի, շուկաների և տոնավաճառների համար: Ցավոք, Հայաստանում համապարփակ վիճակագրություն չի տարվում էլեկտրոնային առևտրի մասով, իսկ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրատարակվող «Հայաստանի ֆինանսական համակարգը, զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» պարբերականում ներկայացվող տեղեկատվությունն ամբողջական չէ: Հայաստանում արդեն իսկ գործում են հայկական մի շարք էլեկտրոնային հարթակներ»,- նշեց նա:
Արդյո՞ք վստահելի են բիթքոինով կատարվող գործարքները
Սուրեն Պարսյանի խոսքով` ներկայումս գոյություն չունեն պետական կամ մասնավոր համակարգեր, որոնք կերաշխավորեն կրիպտոարժույթով կատարվող գործարքները:
«Թե' Հայաստանում, թե' Հայաստանից դուրս խոշոր գործարարներ այս ոլորտում մեծ ներդրումներ են կատարում, մասնավորապես՝ ձեռք են բերում կրիպտոարժույթ, հիմնում են կրիպտարժույթի մայնինգ ֆերմաներ և այլն: Նման մայնինգ ֆերմաներ` փոքր հզորություններով, Հայաստանում վաղուց գործում են: Այս ֆերմաների գործունեության բիզնես առանձնահատկությունն այն է, որ բավականին էներգատար է, իսկ սարքավորումները շատ կարճ ժամանակահատվածում կորցնում են իրենց առավելագույն հզորությունը, այսինքն՝ ֆիզիկապես և բարոյապես արագ մաշվում են: Խոշոր մայնինգ ֆերմաների կառուցման բիզնես նախագծեր կան Հրազդանում և Առինջում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Բիթքոինի հետ կապված ռիսկերը
Տնտեսագետ Արսեն Հովասափյանի կարծիքով` բիթքոինի կիրառությունը մի քանի ռիսկեր է պարունակում: Հիմնական ռիսկը, ըստ նրա, պայմանավորված է այլ արժույթների նկատմամբ բիթքոինի փոխարժեքի բավական մեծ տատանողականությամբ:
«Բիթքոինով կատարված գործարքի ռիսկերից է այն, որ բիթքոինի բլոկչեյն համակարգով սխալ հասցեատիրոջ գումարի փոխանցման դեպքում հնարավորություն չկա գումարը վերականգնելու: Գործառնական ռիսկը պայմանավորված է բիթքոինի անվտանգության համակարգի անկատարությամբ, որտեղ հնարավոր են հաքերային հարձակումներ, և չափազանց մեծ է բիթքոինի հաշիվներով զեղծարարության հավանականությունը: Գաղտնիության ռիսկը պայմանավորված է հաշիվների գաղտնիությամբ: Հաշիվներն ունեն կոդեր, սակայն այդ կոդերի տակ չի արտացոլվում` ով է հաշվի իրական շահառուն, և հնարավոր չէ նույնականացնել հաշվի իրական օգտատիրոջը: Նման հաշիվների միջոցով հնարավոր է կատարել ցանկացած ծավալի գործարք` կապված փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և կաշառքի տրամադրման հետ, և հնարավոր չի լինի պարզել` արդյունքում ով ում գումար փոխանցեց»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ Հովասափյանի` բիթոքինի հետ կապված գործարքներում բացակայում է նաև իրավական կարգավորումը:
Սուրեն Պարսյանի կարծիքով` վերջին տարիներին կրիպտոարժույթի նկատմամբ մեծ պահանջարկը և դրա արդյունքում փոխարժեքի աճը պայմանավորված են հիմնականում սպեկուլյատիվ հանգամանքով: «Այսինքն` որոշ անհատներ և ներդրողներ կրիպտոարժույթը ձեռք են բերում ոչ թե վճարումներ կատարելու նպատակով, այլ հետագայում վերավաճառելու: Այս պայմաններում փոխարժեքը կաճի, քանի դեռ ներդրողների մոտ սպասումներ կան, որ հետագայում կարող են վերավաճառել ավելի բարձր գնով: Այսինքն, ըստ էության, սա ֆինանսական բուրգի է նման` քանի դեռ փող է հոսում, համակարգը կաշխատի և կրիպտոարժույթի սեփականատերերին եկամուտներ կապահովի»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Ո՞վ և ինչպե՞ս պետք է վերահսկի անտեսանելին
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում այսօր կրիպտոարժույթների ոլորտը դուրս է վերահսկողությունից: Դեռևս չկան այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան որոշակիորեն կարգավորելու դաշտը: ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորման և վերահսկողության լիազորություններից դուրս է կրիպտոակտիվների ստեղծումը և դրանց արդյունահանումը` «մայնինգ»-ը: Այն Հայաստանում դիտարկվում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդյունաբերություն:
Սուրեն Պարսյանի կարծիքով` կրիպտոարժույթներով կատարվող գործարքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է վերանայել մի շարք օրենքներ, մասնավորապես՝ ՀՀ Կենտրոնական բանկի, արժույթի մասին, հարկային և այլն:
«Կարծում եմ` նաև մոտ ապագայում Համաշխարհային բանկի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից պետք է մշակվեն դրույթներ և սկզբունքներ կրիպտոարժույթի և դրանով կատարվող գործարքների վերաբերյալ, որոնք ուղենիշային կլինեն ազգային օրենսդրության համար»,- մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետը:
Ի դեպ, միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում` Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը հանդես են եկել մի շարք նախազգուշացնող հայտարարություններով, համաձայն որոնց` կրիպտոարժույթները դիտարկվել են որպես կրիպտոակտիվներ, քանի որ չունեն այն բոլոր հատկանիշները, որոնք թույլ կտային դրանց դասել արժույթների շարքն ու կիրառել իբրև վճարամիջոց, և դրանց կիրառումը, որոշակի պահից սկսած, կարող է ազդել նաև ֆինանսական կայունության վրա։
ՀՀ կենտրոնական բանկը նույնպես հավատարիմ է կրիպտոակտիվների վերաբերյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների այս դիրքորոշմանը:
Օրեր առաջ ՀՀ ԿԲ-ն պաշտոնապես անդրադարձավ այս թեմային` հասարակությանը զգուշացնելով կրիպտոարժույթների էական ռիսկերի մասին: ԿԲ-ն հորդորել էր քաղաքացիներին, այդ թվում` նաև տնտեսվարող սուբյեկտներին` զերծ մնալ «կրիպտոակտիվների» փոխանակման և (կամ) առուվաճառքի, «կրիպտոակտիվներով» վճարումների ընդունման, «կրիպտոակտիվներով» ներդրումների կամ այլ գործարքների իրականացումից:
Սուրեն Պարսյանի խոսքով` վերջին շրջանում մի շարք երկրների (մասնավորապես՝ Ուկրաինայի և այլն) կողմից փորձ է արվում կանոնակարգել կրիպտոարժույթով իրականացվող գործարքներից ստացվող եկամուտների հարկումը, ինչը, ըստ էության, պետական բյուջեն լցնելու՝ ֆիսկալ նպատակ է հետապնդում: Ըստ նրա` հայաստանյան օրենսդրությամբ ՀՀ Կենտրոնական բանկին նման իրավասություն տրված չէ, և առհասարակ` միջազգային հարուստ պրակտիկա չկա այս ուղղությամբ: Հետևաբար` մոտ ապագայում նման կարգավորումներ դժվար թե լինեն:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ