կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-11 13:09
Քաղաքական

Ոստիկանապետի պաշտոնն ընդունելուց առաջ Օսիպյանը զրույց չի ունեցել Վլադիմիր Գասպարյանի հետ

Ոստիկանապետի պաշտոնն ընդունելուց առաջ Օսիպյանը զրույց չի ունեցել Վլադիմիր Գասպարյանի հետ

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ է զրուցել նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա նախ նշեց, որ ոստիկանությունն իսկապես կանգնած է ժողովրդի կողքին, ապա տեղեկացրեց, որ վարչապետը խնդիրներ է դրել ոստիկանության առջև, այն է` հանցավորության դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար:

Օսիպյանը չի ընդունում տեսակետը, թե ինքը ծառայել է իշխանություններին, հակառակը` ինքը, 1990 թվականից սկսած, ծառայել է միայն ժողովրդին: Եվ անգամ, եթե ոստիկանությունը ուժ է կիրառել ժողովրդի նկատմամբ, դա եղել է միշտ օրենքի սահմաններում: Սակայն եթե եղել են դեպքեր, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ժողովրդի նկատմամբ, Օսիպյանը ներողություն է խնդրում դրա համար: Ավելին` նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահին էլ քննադատում են իրեն:

Իսկ թե ի՞նչ ժառանգություն է թողել Վլադիմիր Գասպարյանը, Օսիպյանը նշեց, որ տարիներ շարունակ թեև եղել են բարեփոխումներ, սակայն դրանք չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ դրանք փուլային էին կատարվում: Ամեն դեպքում նա շարունակելու է Վլադիմիր Գասպարյանի սկսած բարեփոխումները:

Հարցին, թե ինչ ճակատագիր է սպառնում այն ոստիկաններին, ովքեր ապօրինություններ, բռնություններ են իրականացրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, Օսիպյանը պատասխանեց, որ ինքը չի տեսել նման կադրեր, քանի որ եղել է ցուցարարների կողքին, բայց եթե կան նման դեպքեր, ուրեմն օրենքի առջև բոլորը հավասար են ու պետք է պատասխան տան:

Հարցին, թե արդյո՞ք պաշտոնանկ կարվի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, Օսիպյանը պատասխանեց. «Կադրային փոփոխություններ միշտ են լինում: Անկախ անձերից` եթե ապացուցվի, որ ապօրինություն են թույլ տվել, ապա օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան»:

Ի դեպ, Օսիպյանը նշեց, որ ոստիկանապետի պաշտոնն ընդունելուց առաջ զրույց չի ունեցել Վլադիմիր Գասպարյանի հետ: Իսկ ոստիկանապետի պաշտոնը ստանալու առաջարկն անսպասելի է եղել իր համար: Իսկ թե ինչո՞ւ Փաշինյանը ընտրեց հենց իրեն, Օսիպյանը կարծիք հայտնեց. «Կար գաղափար` ցույց տալու, որ այլևս չկան փշալարեր: Փշալարերն արդեն պահեստներում են, ողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ ոստիկանությունը կանգնած է ժողովրդի կողքին, և այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, օրինակելի պետք է լինի ողջ աշխարհի համար»: