կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-09 13:34
Քաղաքական

Անթույլատրելի է պաշտպանության նախարարի հրաժարականը` մինչև նոր նախարարի նշանակումը. Վիգեն Սարգսյան

Անթույլատրելի է պաշտպանության նախարարի հրաժարականը` մինչև նոր նախարարի նշանակումը. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրավիրած ասուլիսում նախ շնորհավորեց մայիսի 9-ի կապակցությամբ: «Ուզում եմ մաղթել, որ հաղթական ոգին միշտ ուղեկից լինի մեզ, և մեր հաղթանակների շղթան շարունակական լինի»,- ասաց նա:

Ապա Սարգսյանը մամուլի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց փոխգործակցության համար:  «Եթե երբևէ եղել է որևէ բան, որ ձեզ տխրեցրել է, ուզում եմ ներողություն խնդրել, երբևէ նպատակ չեմ ունեցել ձեզանից որևէ տեղեկություն թաքցնել»,- ասաց նա լրագրողներին:  

Անդրադառնալով իր հրաժարականին` Սարգսյանն ասաց, որ անթույլատրելի է համարում պաշտպանության նախարարի հրաժարականը` մինչև նոր նախարարի նշանակումը:  «Որևէ բան ինձ չի կարող իմ պարտականություններից հետ պահել, մինչև չիմանամ` ով է ստանձնելու այդ պարտավորությունները»,- ասաց նա:

Սարգսյանը բացառեց իր աշխատանքն ապագա կառավարությունում: «Արդյունավետ նախարար լինել շատ դժվար է, եթե չունես համախոհների թիմ, եթե դու նույն խնդրին չես ծառայում: Անհնար եմ համարում շարունակել այս աշխատանքը»,- ասաց նա:

Նաև հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում հրաժարականի դիմում նախարարից: Սարգսյանի խոսքով`  դրա համար բավական է նշանակվի նոր նախարար, և օրենքի ուժով այդ պահից նախորդը դադարում է լինել այդ պաշտոնում: