Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Պաշտպանության բանակում զինծառայողների ինքնասպանության ու մահվան դեպքերը շարժառիթ են դարձել մի շարք երիտասարդական խմբերի ստեղծմանը: Նրանք համախմբվելու եւ բանակում տիրող վիճակին վերջ դնելու կոչ են անում:
Այսօր էլ «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խումբն է հաղորդագրություն տարածել, որում պահանջում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը: Ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ.
«Մենք` բանակում դեռևս չծառայած երիտասարդներս, միավորվելով «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խմբում, խիստ մտահոգված ենք բանակում գրեթե ամեն օր տեղի ունեցող զինվորների մահվան դեպքերով, որոնք ավանդականորեն ներկայացվում են իբրև ինքնասպանություն: Դրանք տեղի են ունենում այն պատճառով, որ պաշտպանության նախարարությունը չի կարողանում տիրապետել զորամասերում տիրող վիճակին: Դրանից բացի, զինվորների հարազատները չունեն բանակի վերահսկողության որևէ հնարավորություն, ինչպես դա ընդունված է այլ երկրներում, օրինակ` Վրաստանում:
Բանակի իրավիճակը պաշտոնապես վերահսկող կազմակերպությունները հանցավոր գեներալիտետի կամակատարն են և անգամ ձեռք են տալիս նրանց` մեր եղբայրների արյան հաշվին հարստանալու իմաստով: Եվ այդ ամենը տեղի է ունենում պաշտպանույան նախարարի գիտությամբ և անմիջական հովանավորությամբ: Ելնելով դրանից, մենք պահանջում ենք Սեյրան Օհանյանի անհապաղ հրաժարականը:
Դրանից բացի, մենք կոչ ենք անում բոլոր առողջ երիտասարդական ուժերին միանալ մեզ այդ պահանջում և հրապարակավ հայտնել իրենց կարծիքը: Հատկապես ակնկալում ենք «Չենք լռելու» և «Հիմա» նախաձեռնությունների, ինչպես նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» երիտասարդական թևերի միասնությունը և սպասում նրանցից յուրաքանչյուրի պատասխանին: Ամեն օր զինվոր են սպանում, ամեն օր քեզ ու ինձ են սպանում: Միացի՛ր ու ասա՛, որ ապրելու ենք...»,- ասվում է հաղորդագրության մեջ: