Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի տեսանկարահանում և ցուցադրում օնլայն ռեժիմով` հատուկ կայքի միջոցով. սա Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ԱԺ հանձնաժողովում ՀՀԿ առաջարկներից է:
Ներկայացնելով այն` ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա ամբողջությամբ կիրառվել է նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և գաղափարը նույնն է: Նա հավելեց, որ շատ քիչ ընտրատեղամասերում չի ապահովվել տեսանկարահանումը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որ տեսանկարահանումը բոլոր տեղամասերում ապահովվի:
«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանն էլ հետաքրքրվեց` որտե՞ղ են այն 1200 տեսախցիկները, որոնք օգտագործվել են նախորդ ընտրությունների ժամանակ: «ԿԸՀ-ն ասում է` իր մոտ չեն, որտե՞ղ են դրանք, և արդյո՞ք անհրաժեշտ է նորերը ձեռք բերել»,- հարցրեց նա:
Հարությունյանն արձագանքեց, որ ոչ ոք դրանք տուն չի տարել: «Դրանք եղել են կառավարության բալանսում, կառավարությունը բաժանել է տարբեր մարմինների: Հիմա նոր կառավարությունը կա'մ պետք է նորը գնի, կա'մ դրանք հետ բերի»,- ասաց նա:
Նազարյանն էլ տարակուսած հարցրեց. «Հիմա եթե տրվել է ՊՆ-ին, պետք է հե՞տ վերցնել»:
ՀՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկիննախարար Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Խորհուրդ չեմ տա որևէ բան հետ վերցնել ՊՆ-ից: Դրանք բաշխվել են` ըստ պետական մարմինների: Հիմա առաջարկվում է առնվազն նույն մակարդակն ապահովել, իսկ թե ո՞նց, կառավարության որոշելիք հարցն է»:
Արմեն Ռուստամյանն էլ արձագանքեց, որ, իր կարծիքով, այս համակարգը կարևոր դեր է խաղացել թափանցիկության խնդրի լուծման համար: «Այս գործիքի շնորհիվ մի տեղամասում անվավեր են ճանաչվել ընտրությունները` Փարպիում: Սա իրական գործող մեխանիզմ է, երբ ամեն մի կուսակցություն հնարավորություն չունի ներկայություն ունենալու բոլոր տեղամասերում, կարևոր է, որ այդ տեսանկարահանումն ապահովվի»,- ասաց նա: