կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-26 11:49
Հասարակություն

Ծածկված համարանիշերով մեքենայի մասնակցությամբ վթարից տուժած մեկամյա փոքրիկը մահացավ

Ծածկված համարանիշերով մեքենայի մասնակցությամբ վթարից տուժած մեկամյա փոքրիկը մահացավ

Ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 1-ամյա Յուրի Պապովն այսօր հիվանդանոցում մահացել է: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Ապրիլի 24-ին` ժամը 00:05-ի սահմաններում, Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ` 27-ամյա Դավիթ Արզումանյանն իր վարած Mercedes մակնիշի 35 GX 352 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Վթարի հետևանքով վարորդ Դ. Արզումանյանը, 45-ամյա Գևորգ Պապովը, 1-ամյա Յուրի Պապովը, 32-ամյա Տաթևիկ Սեկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Տուժածների հարազատների խոսքով` վթարի պատճառն առանց համարանիշերի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով հարվածել է «Մերսեդես»-ին և դիմել փախուստի:

Հաղորդավար Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վթարից մահացածն իր ընկերուհու տղան է, որին մայրը տարիներով սպասել էր: Ըստ Հայրապետյանի` երեխայի մայրն ու հայրն այժմ ծանր վիճակում հիվանդանոցում են:

Նշենք, որ երեկ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել և հայտնել, որ վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը: «Ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում ենք, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում: Կոչ ենք անում հիշել ու հարգել մեր բոլոր համաքաղաքացիների իրավունքները: Կոչ ենք անում պահպանել նաև սեփական անվտանգությունը: Ավտոմեքենաներով ակցիաներ անողները հաճախ բարձրանում են մեքենաների թափքերը, նստում տանիքին կամ բեռնախցերում:

Այդպես վարվողների մեջ շատ են անչափահասները, ինչը հղի է նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով: Մեծահասակներին կոչ ենք անում նրանց զերծ պահել այդպիսի գործողություններից: Ավտոակցիաների մասնակիցներին կրկին կոչ ենք անում հարգել համաքաղաքացիների իրավունքները, գործողությունները պահել օրենքի և խելամտության շրջանակներում, պատասխանատվություն դրսևորել բոլորի ու յուրաքանչյուրի համար և ձեռնպահ մնալ անդառնալի հետևանքներով հղի քայլերից»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: